Մատչելիության հղումներ

logo-print
Միայն քաղաքացիական հասարակության դերը ընդդեմ մաքսային միության շատ քիչ է արդյունքի հասնելու համար, անհրաժեշտ է, որ դրան միանան նաև կուսակցությունները, ասում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ, կարծում է Նավասարդյանը:

«Եվ նաև ուզում ենք շատ հստակ հասկանալ, և նաև դրան ենք մղում քաղաքական գործիչներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված պատգամավորները հստակ արտահայտվեն՝ ո՞ր մեկն է կողմնակից այդ գործընթացին, ո՞վ՝ ոչ, քանի քաղաքացիական հասարակությանն անհրաժեշտ են գործընկերներ քաղաքական դաշտում», - ասում է նա:

Այսօր անհրաժեշտ է, որ այլընտրանքային օրակարգ ձևավորած ակտիվ կառույցներ լինեն Հայաստանում, որոնց հետ համագործակցելով հնարավոր կլինի գործընկերային հարաբերություններ ձևավորել Եվրամիությունում որոշումներ կայացնողների հետ, կարծում է Նավասարդյանը:

Առաջիկայում առաջին փորձը կարվի մեկ հարթակում միավորել եվրոպամետ քաղաքական ու քաղաքացիական ուժերը. այս օրերին խորհրդակցություններ են անցկացվում պայմանականորեն «Եվրոպական ալյանս» անունը կրող կառույցի ստեղծման շուրջ՝ տեղեկացանք Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՀՀՇ կուսակցության խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանից:

«Մեր խնդիրներից մեկը պետք է լինի բացատրական աշխատանք տանելը և այն խնդիրները, որոնց կարող է Հայաստանը հանդիպել, բարձրաձայնելը և ներկայացնելը մեր տեսլականը, բացատրել ինչով, ըստ մեզ, Եվրամիության հետ կապերի ավելի սերտացումը, կամ Ասոցացման պայմանագրի ստորագրումը ինչով է ավելի շահավետ քան ռուսաստանյան այս նախաձեռնությանը միանալը», - ասում է Արզումանյանը:

Խորհրդակցություններին մասնակցող Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի խոսքով, կառույցը կփորձի առաջարկել զարգացման այլ ճանապարհ՝ հիմնված արևմտյան արժեքների վրա:

«Կստեղծվի ինչ-որ մի ֆորմատ, շատ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ֆորմատ՝ կլինի քաղաքացիակա՞ն, կլինի քաղաքակա՞ն, կլինի այս ամեն ինչի խառնո՞ւրդը․․․ որը որ կփորձի Հայաստանի համար գտնել այլընտրանքային ճանապարհ, որը որ Մաքսային միությունը չէ, այլ, երևի թե, արևմտյան արժեքների, այսինքն՝ համամարդկային արժեքների վրա հիմնված մի ինչ-որ բան է», - ասում է Ենոքյանը:

Այս քննարկումներին չի մասնակցում, սակայն առանձին ճակատով Մաքսային միության անդամակցության դեմ իր պայքարն է շարունակում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ցույցը նույնպես լուրջ գործնական քաղաքական քայլ է: Ցույց կարող ես անել, օրինակ՝ ժամանակին Մոսկվայում արել են ընդամենը հինգ հոգով, բայց հիսուն տարի հետո էլ հիշում են, որ 200 միլիոնանոց Ռուսաստանում հինգ հոգի կարողացան դուրս գալ: Այնպես որ, Հայաստանի պայմաններում երբ 100-200 հոգի դուրս են գալիս, այն դեպքում, երբ դուրս են գալիս Մաքսային միության դեմ, այն դեպքում, երբ Եվրոպական միության դեմ որևէ մեկը չընդվզեց, նշանակում է, որ այստեղ միլիոն անգամ ավելի շատ են Եվրոպական միության կողմնակիցները, քան Մաքսային միության», - ասում է Հայրիկյանը:

Ակնկալվում է, որ ապրիլի 29-ին, երբ ըստ ամենայնի Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, Հայրիկյանը, թեկուզ փոքրաթիվ, բայց հերթական բողոքի ցույցը կանցկացնի:
XS
SM
MD
LG