Մատչելիության հղումներ

logo-print

Նոր վերելակներ գնելու համար ընկերությունները և պետությունը գումար չունեն


Թեև 90-ականների համեմատ Երևանում վերելակների վիճակը փոքր-ինչ բարելավվել է, այնուամենայնիվ, բնակիչների մտահոգությունները չեն պակասել։

«88 թվից այս վերելակն աշխատել է մինչև այսօր, բայց մինչ օրս ոչ վերանորոգվել է, ոչ էլ փոխվել։ Վախենում ես, ճոպանները հնարավոր է մաշվել են։ Դրանք այս տարիների ընթացքում ընդհանրապես չեն փոխվել, ճիշտ է շարժիչը հանել են, փոխել են, բայց ամենակարևորը ճոպաններն են, դռներն էլ անսարք են՝ ռոլիկներից շուտ-շուտ գցում է»,- ասում է 86-ամյա կինը։

Նոր Նորքի 9-րդ զանգվածում ապրող այս տարեց կինը ամեն օր վախով է օգտվում վերելակից, այլ ելք չունի՝ ոտքով բարձրանալ առողջությունը չի ներում։

Հարևան թաղամասերի բնակիչները ևս գոհ չէին Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած վերելակներից։ Ասում էին ՝թեև սպասարկման վարձը կանոնավոր մուծում են, այդուամենայնիվ, ամսվա ընթացքում առնվազն 10 օր ոտքով են բարձրանում-իջնում։

Երերացող, գրեթե ամեն հարկում ճռռացող, շատ հաճախ՝ չբացվող դռներով վերելակների համար հունվարից բնակիչները ստիպված են ավելի թանկ վճարել։ Որոշ համատիրություններում սպասարկման վարձն ավելացել է 300-400 դրամով, մինչդեռ որակը այդպես էլ չի լավացել։

Երևանի Նոր Նորք համայնքում այսօր գործում է 592 վերելակ, գերակշռող մասը սպասարկում է «Նոր Նորք վերելակ» ընկերությունը։ Տնօրեն Արայիկ Միսակյանը փաստում է՝ վերելակների շահագործման համար նախատեսված 25 տարին վաղուց արդեն լրացել է, արդյունքում վերանորոգման կանչերն օր օրի շատանում են՝ նախկին 30-40-ի փոխարեն այսօր օրական 120-150 կանչ են ստանում։ Սակայն կոսմետիկ նորոգումների փոխարեն նոր վերելակներ գնելու համար ոչ ընկերությունը գումարներ ունի, ոչ պետությունը, ոչ էլ բնակիչը։

«Մոտավորապես ամսվա կտրվածքով 6 միլիոն գումար է հավաքագրվում, լավագույն դեպքում, եթե բնակիչները մուծումները կատարում են, իսկ 6 միլիոնը մեծ գումար չէ 492 վերելակի համար, որովհետև վերելակն ամեն օր կարիք ունի նորոգելու, իսկ այսօր մի փոքր բանը մեծ գումարների հետ է կապված, մենք ոչ մի տեղից այլ գումար չենք ստանում, մենակ բնակիչներից հավաքագրված գումարներով է մեր բյուջեն կազմվում»,- նշեց Միսակյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն ասում է՝ չմոռանանք, որ 2008-ին 300-ից ավելի վերելակ հիմնովին նորոգվեց, 30-ն էլ փոխարինվեց նորով։ Մինչդեռ նշենք, որ Երևանում այսօր շահագործվում է 5140 վերելակ, հետևաբար վերանորոգվածները ընդհանուր թվի 10 տոկոսն էլ չեն կազմում։

«Մենք ավելի լավ արդյունքներ կունենայինք, բայց մենք այսօրվա դրությամբ ունենք պահեստամասերի խնդիր, ունենք նաև խնդիր սպասարկման ոլորտում՝ էլեկտրամեխանիկները շատ քիչ են շահագրգռված այս ոլորտում աշխատելու, նրանց տարիքային սահմանը շատ դեպքերում 60-ն արդեն հատել է, և էլեկտրամեխանիկները ֆիզիկապես արդեն չեն կարող այդքան վերելակ սպասարկել, ինչքան որ նրանց ամրագրված է»,- ասաց փորձագետը։

Թե նախորդ տարի, թե այս տարի քաղաքապետարանը համայնքային բյուջեից մոտ 85 միլիոն դրամ հատկացրեց վերելակների վերանորոգման համար։ Ուշագրավ մի համեմատություն՝ թափառող շների վնասազերծմանը տրամադրվել է եռակի շատ՝ մոտ 220 միլիոն դրամ։ Քաղաքապետարանից ասում են, որ վերելակներն արդեն 7 տարի է համատիրություններին են պատկանում, իրենց կողմից 85 միլիոնի տրամադրումը ոլորտի նկատմամբ բարի կամքի դրսևորում է, ոչ ժողովուրդը դժգոհելու տեղ ունի, ոչ էլ համատիրությունը։

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյաննը, մինչդեռ նոնսենս է որակում այս վիճակը, նշելով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը վաղուց արդեն իրենց դարն ապրած վերելակների փոխարեն ավելի շատ գումար տրամադրում շների վնասազերծման համար, առավել ևս, որ անհնար է ապացուցել, թե արդյոք նպատակային են ծախսվում այդ գումարները։
XS
SM
MD
LG