Մատչելիության հղումներ

12-ամյա պատանու կրթության իրավունքը ոտնահարված է


Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի սան Հարություն Ղազարյանի հարազատները վստահ են՝ 12-ամյա տղայի կրթություն ստանալու իրավունքն այսօր ոտնահարված է: Նա դպրոց չի հաճախում, ընտանիքի խոսքով՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն ցանկության դեպքում անգամ պետք է սկսի հաճախել մեկ այլ դպրոց:

Դասարանը, որտեղ սովորում էր պատանին լուծարվել է՝ 20-ից ավելի համադասարանցիները այլ դպրոցներ և դասարան են տեղափոխվել: Հարությունը մնացել է դասարանի միակ աշակերտը ու թեև չի ցանկանում, այդուամենյանիվ, ստիպված է փոխել դպրոցը:

«Բոլոր միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանը, որևէ մեկը որևէ աշակերտի տվյալ հանգամանքներում իրավունք չունի տեղափոխել այլ դպրոց», - «Ազատության» հետ զրույցում նշեց նրա եղբայր Մակար Ղազարյանը:

Սակայն ԿԳՆ-ից նշում են, որ նույնիսկ սահմանամերձ գյուղերում մեկ աշակերտի համար դասարան պահելու հնարավորություն չունեն: Միևնույն ժամանակ նախարարությունում ընդունում են, որ երեխան դարձել է ամիսներ շարունակ չկարգավորված խնդրի զոհը, որի լուծումը նրա կրթության համար պատասխանատուները չկարողացան գտնել:

«Հարցն արդեն տեղափոխվել էր ծնողների դաշտ: Առաջացել էին հաղթողի ու պարտվողի խնդիրներ, իմ երեխան պարտվեց, այս երեխան հաղթեց: Բայց ճակատամարտ հո չէ՞ր: Ես կարծում եմ, որ, այո, սա մանկավարժության պարտությունն էր», - «Ազատությանը» փոխանցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ 6-րդ բ դասարանի նորեկ Հարությունը դասղեկին խնդրել էր առջևի նստարանին նստել՝ գրատախտակն ավելի լավ տեսնելու համար: Ուսուցչի հեռանալուց հետո աշակերտներից մեկը հայտարարել էր, որ այդ տեղը այլ աշակերտի տեղն է, և Հարությունը չպետք է նստի այդտեղ:

«Մի կաթիլ մեղրի պատմությունը դարձավ», - ասաց դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը:

Դասարանի մյուս աշակերտների ծնողները պնդում էին, որ Հարություն Ղազարյանը պետք է տեղափոխվի այլ դպրոց կամ դասարան, քանի որ չի ինտեգրվում իրենց դասարանին: Հարությունի եղբայրը՝ Մակար Ղազարյանը նշեց, որ երեխային այլ դպրոց չտեղափոխելու պատճառը նաև բարոյական էր, պետք է փորձեին բացատրել նրան, թե ինչու է ստիպված այլ դպրոցում սովորել, որն է իր մեղքը: Հարությունի ընտանիքը ևս վստահ է, որ սա մանկավարժության պարտությունն էր, քանի որ խնդիրը դպրոցի ներսում լուծել հնարավոր չեղավ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG