Մատչելիության հղումներ

Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Գրեթե ամբողջ անցած տարվա ընթացքում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքը լի էր դինամիկ փոփոխություններով և դրամատիկ ընտրություններով։ Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ականատես եղավ համագործակցության դաշինքների ու ռազմավարական կողմնորոշման փոփոխության, որն արտացոլվում է հատկապես ՀՀ նախագահի կողմից անակնկալ հայտարարության մեջ, որով հօդս ցնդեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ չորս տարվա բանակցությունների արդյունքները։ Այդ միանձնյա որոշման արդյունքում Հայաստանը պարտավորություն ստանձնեց միանալու Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներքին քաղաքականությունը նշանավորվեց առավել առանցքային փոփոխությամբ։ Շատ առումներով Հայաստանի քաղաքականության մեջ միշտ էլ նշանակալից տեղ են ունեցել ուժն ու հարստությունը, ինչը հանգեցրել է կառավարման այնպիսի ձևի ստեղծմանը, որտեղ անձնական շահերը գերակայություն ունեն ազգային շահերի նկատմամբ։

Armenia’s “Game of Thrones” (Հայաստանի «գահերի պայքարը»)


Բոլորովին վերջերս Հայաստանի քաղաքականությունը վերածվել է նոր “Game of Thrones” («գահերի պայքարի»), քանի որ տարբեր քաղաքական կուսակցություններ և հզոր շահեր սկսել են պայքարել իշխանության և դիրքի համար։ Ուժերի ցանկացած «թագավորության» համար մրցանակները մեծ են, քանի որ շուտով նոր կառավարություն պետք է ձևավորվի ու թվում է, թե նախագահը ցանկանում է որոշակի կառուցվածքային փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։

Հայաստանի Game of Thrones «գահերի պայքարի» այս նոր ձևաչափը ամբողջությամբ բացահայտվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ այդ նույն պաշտոնում նշանակվելու հնարավորությամբ։

Քանի որ ներկայիս նախագահ Սարգսյանը չունի «Ժառանգորդ» և ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ներկայումս բացահայտ անցումային շրջանը սկսված է, որին ավելանում է մրցակցող այն ուժերի պայքարը, որոնք նախապատրաստվում են և փորձում գտնել իրենց տեղը, քանի որ նոր քաղաքական վերնախավ է ձևավորվում։

Այս քայլը նաև բացահայտում է Հայաստանի քաղաքականության հետընթացը և քայքայումը՝ արտացոլելով առանձին քաղաքական գործիչների կործանիչ գերակայությունը ինստիտուցիոնալ քաղաքական կուրսերի նկատմամբ։

Քաղաքականություն և գրականություն


Միաժամանակ, Հայաստանի քաղաքականությունն ավելի լավ հասկանալու և շփոթությունները պարզաբանելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հիմնված գրականության վրա։

Եթե սկսենք բուրգի գագաթից, ապա նախագահ Սարգսյանը հանդես է գալիս որպես «վերջին մոհիկան», որն անձնավորում է Լեռնային Ղարաբաղից սերող հզոր քաղաքական վերնախավի վերջին մնացուկը։ Սակայն նոր քաղաքական վերնախավի առաջացումը պայմանավորված չէ միայն ընդհանուր ղարաբաղյան ծագմամբ։ Հատկանշական է, որ ղարաբաղյան վերնախավը շահարկում էր Ղարաբաղյան պատերազմի փաստն ու դրա համատեքստը իշխանության գալու համար, որն ուղեկցվում էր ազգայնամոլության քաղաքականության խթանմամբ, որն էլ իր հերթին դուրս մղեց չափավորներին՝ ի օգուտ զինվորականների։

Սակայն այժմ որևէ «իրավահաջորդ» չկա, և չնայած իր դիրքին և իշխանությանը՝ ղարաբաղյան վերնախավի քաղաքական կարգավիճակը գնալով թուլանում է։

Ավելին, ազգայնամոլությունն ու ռազմատենչ քաղաքական դիրքորոշումը աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը և այլևս չունեն այն գերակայությունը, ինչ որ նախկինում։ Սրան ավելանում է նաև առկա կոռուպցիայի ծավալների ընդլայնումը, բարեփոխումների չիրականացված խոստումները և հարստության և եկամտի բաշխման անհամաչափությունը, որը բերում է Հայաստանի քաղաքականության մեջ «իշխանության ամենաթողության» և «վստահության ճգնաժամի» հասարակության շրջանում։

Ժամանակակից հայաստանյան քաղաքականությունը դարձել է ավելին քան դրամա և կարող է նվազագույնը հավակնել օպերային ֆարսի։ Մինչ քաղաքականությունը շարունակում է մնալ որպես սնահավատությամբ լի նախաձեռնություն, ՀՀ տասներեքերորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը հատկապես չարագուշակ նշան է։ Նախկին պառլամենտական խոսնակը հայտնի է իր վտանգավոր չիմացությամբ ու իր պաշտոնից բխող գոռոզությամբ և ներկայացնում է բիզնեսի և քաղաքականության համակցման առավել ակնհայտ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում՝ բարեփոխումների ու ժողովրդավարացման նվազագույն հասկացությամբ ու գնահատմամբ։

Եթե ավելացնելու լինենք, ապա վերջինս հիմա նշանակվել է այնպիսի պաշտոնում, որը հանդես է գալիս՝ որպես ավանդական ուղի դեպի երկրի նախագահական իշխանություն։

Այսպիսով, Հայաստանի «գահերի պայքարի» զարգացման հետ մեկտեղ Հայաստանի ապագան ավելի մեծ հարցականի տակ է դրվում և գալիք մի քանի տարիները կնշանավորվեն Հայկական պետության նշանակալից զարգացմամբ կամ անկմամբ։


Ռիչարդ Գիրագոսյանը Երևանում հիմնված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն է։ Մտքերը պատկանում են հեղինակին և չեն արտացոլում «Ազատություն» ռադիոկայանի կարծիքը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG