Մատչելիության հղումներ

Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները հանդիպում են Պրահայում


Գրիգորի Կարասին (ձախից), Զուրաբ Աբաշիձե

Գրիգորի Կարասին (ձախից), Զուրաբ Աբաշիձե

«Մենք չենք ընդհատում երկխոսությունը Ռուսաստանի հետ», - հայտարարում է Մայա Փանջիկիձեն:

Չորեքշաբթի օրը Պրահայում անցկացվելու է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը:

Վրաստանում նոր ուժերի հաղթանակից հետո այս երկու բանագնացները զբաղվում են ռուս - վրացական խաթարված հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

Պրահա մեկնելուց առաջ Աբաշիձեն ասել է. - «Տեղեկատվական տեսանկյունով մենք պետք է առավելագույնս օգտագործենք նմանատիպ հանդիպումները: Բնականաբար, մենք սուր հարցեր ենք բարձրացնում, որոնք անհանգստացնում են մեզ: Նկատի ունեմ օկուպացիայի շփման գծի իրավիճակն ու այլ խնդրահարույց հարցեր»:

Նրա փոխանցմամբ՝ պլանավորվել է քննարկել նաև ռուսական ինքնաթիռների կողմից Վրաստանի օդային տարածքը խախտելու դեպքերը:

Ապրիլի 10-ին Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ ռուսական Ան-2 ինքնաթիռը երկու անգամ խախտել է Վրաստանի օդային տարածքը՝ թռիչքներ կատարելով Վրաստանի սահմանային պահակակետերի ու գյուղերի վրայով: Վրաստանի արտգործնախարարությունը բողոք էր հայտնել՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը կոչ անելով արձագանքել այդ միջադեպերին:

Պրահայում այսօր կայանալիք վրաց - ռուսական շփումները կլինեն երկու կողմերի թվով վեցերորդ հանդիպումը: Այն նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց մի քանի անգամ հանդիպման ժամկետները հետաձգվեցին՝ հասնելով մինչև ապրիլի կեսերը:

«Մենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ուստի այս երկկողմ, ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում քննարկում ենք կոնկրետ, գործնական շատ հարցեր: Այդպիսի հարցեր շատ են կուտակվել, և մենք հուսով ենք՝ հանդիպմանը կփորձենք լուծել դրանք» , - «Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Ռուս - վրացական հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել նաև Վրաստանի արտգործնախարարը: Գերմանական Die Welt-ի հարցազրույցում Մայա Փանջիկիձեն հիմնականում խոսել է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին մերձենալու Վրաստանի ձգտումների մասին ու նաև նշել, որ Վրաստանը միաժամանակ նպատակադրված է նորմալացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները պետք չէ ընկալել որպես Ռուսաստանի դեմ ագրեսիայի դրսևորում: Ռուսաստանը շարունակում է Վրաստանի վրա բավականին ուժեղ ճնշում գործադրել, սակայն մենք մեր կողմից հնարավորն անում ենք՝ թուլացնելու լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում», - հավաստիացրել է Վրաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով. - «Մենք չենք ընդհատում երկխոսությունը Ռուսաստանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG