Մատչելիության հղումներ

Վեց հազար եվրո տուգանք՝ քաղաքացու ազատության իրավունքը խախտելու համար


Եվրադատարանը տուգանել է Հայաստանի Հանրապետությանը։ Քաղաքացի Վարդան Մինասյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար պետբյուջեից նրան որպես փոխհատուցում պետք է վճարվի 6000 եվրո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2007-ի դեկտեմբերին Կոտայքի մարզում սպանության ելքով փոխհրաձգությունից հետո կալանավորված Մինասյանին կալանքի տակ պահելու ընթացքում թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներ։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Մինասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, նախաքննության ավարտին նա որոշ ժամանակ անհիմն պահվել է բանտում առանց դատարանի որոշման, Վերաքննիչը հրաժարվել է իրենց բողոքը քննել, Վճռաբեկը վարույթ ընդունել է, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց՝ բողոքը մերժել է։

«Եթե Վճռաբեկ դատարանը իրականում լիներ ավելի հետևողական և այս գործով ճանաչեր Վարդան Մինասյանի իրավունքների խախտումը, ապա մենք անհրաժեշտություն չէինք ունենա դիմելու Եվրոպական դատարան, որպեսզի այն ճանաչեր այդ խախտումը։ Վճռաբեկ դատարանի թերի աշխատանքի պատճառով Հայաստանի Հանրապետությունը այսօր հերթական անգամ պետք է վճարի 6000 եվրո. փաստորեն պետք է տանք մենք՝ հարկատուներս, որովհետև այդ գումարը գանձվելու է բյուջեից»,- նշեց Լուսինե Սահակյանը։

Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող ամայի մի տարածքում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 36-ամյա մի տղամարդ, մի քանի հոգի վիրավորվել էին։

Վարդան Մինասյանը ձերբակալվել է այդ անձին սպանելու կասկածանքով, և ինը ամսից ավելի կալանավորված է եղել սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։ Կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգել են, բայց հետո հերքվել է այդ սպանությանը նրա առնչությունը, և Վարդան Մինասյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելով վիրավորներից մեկին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

«Մենք նշում էինք Հայաստանի Հանրապետության բազմաթիվ դատական ատյաններում, բազմաթիվ կալանքների ժամանակ, որ քրեական գործով հիմնավորվել է, որ այդ սպանությունը չէր կարող նա կատարած լիներ [որովհետև դատաձգաբանական փորձաքննություն էր նշանակվել, հիմնավորվել էր, որ չէր կարող այդ մահը վրա հասնել այն զենքերի գնդակներից, որոնցից կրակոցներ էր արձակել Վարդան Մինասյանը], դատարանները ուշադրություն այս հանգամանքին չէին դարձնում և նրան շարունակաբար պահում էին կալանքի տակ»,- ասաց փաստաբանը.- «Բացի այդ, մենք նշում էինք, որ այստեղ ակնհայտ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված գործողություններ են, հիմնավորում էինք դա։ Վարդան Մինասյանն ուներ միջին ծանրության մարմնական վնասվածքներ, դանակահարության հետքեր, նրա և իր ընկերների ուղղությամբ հնչել էին կրակոցներ բազմաթիվ զենքերից, այդ իրավիճակում, որպեսզի կարողանա փրկել իր և ընկերների կյանքը, կրակոցներ էր արձակել և կարողացել էր այդ կրակոցների արդյունքում այդ վայրից հեռանալ։ Քրեական գործով ապացուցված էր, որ նա գտնվել էր այդ անձանց ոտքերի տակ, ծեծի էր ենթարկվել և ստացել էր միջին ծանրության մարմնական վնասվածք։ Մոտ մեկ տարի պահանջվեց, վերաորակվեց մեղադրանքը, և Վարդան Մինասյանը դատվեց անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով հանցագործության կատարման մեջ, որը, համենայնդեպս, առնչություն չուներ այդ սպանված անձի հետ, կային երկու վիրավորներ, նրանց հետ էր կապված նրա մեղադրանքը։ Մեղադրանքը վերաորակվեց դատարանում, դատախազի կողմից»։

Ինչ վերաբերում է ապօրինի զենք կրելու՝ ի սկզբանե առաջադրված մեղադրանքին. - «Ինքը հենց սկզբից հանձնել է իր օրինական զենքերը, ընդ որում հանձնելիս ներկայացրել է նաև բոլոր այն փաստաթղթերը, որ հիմնավորում էին, որ դրանք նրա օրինական զենքերն էին»,- ասաց Լուսինե Սահակյանը.- «Այդ հարցը ևս անընդհատ բարձրաձայնում էինք, որ անձին ապօրինի մեղադրանք է առաջադրվել, երբ որ իրենք իրենց մոտ ունեին այդ փաստաթղթերը, բայց միևնույն է, բավական երկար ժամանակ այդ մեղադրանքը պահպանվում էր»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս ամենին չի անդրադարձել, վճիռը վերաբերում է գործը դատարան հանձնելու փուլում Վարդան Մինասյանին ապօրինի կալանքի տակ պահելու ժամանակաշրջանին։ Այնուհանդերձ, փաստաբաններն արձանագրում են, որ սա հերթական վճիռն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, հերթական անգամ իրավապահ և դատական մարմինների սխալ վճիռների համար վճարում են քաղաքացիների գրպանից։

«Այո, ստացվում է իրավիճակ, որ մենք բոլորս պիտի վճարենք Հայաստանի Հանրապետության համապատասխան դատական ատյանների թույլ տված դատական սխալի համար։ Ցավոք, Հայաստանի ներպետական ատյանները դասեր չեն քաղում նման իրավիճակներից, և խախտումները այսօր էլ շարունակում են թույլ տալ։ Այսօր շարունակում են թույլ տալ խախտումներ, որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետությունը մի քանի տարի հետո նորից ստիպված է լինելու վճարել փոխհատուցումներ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հարցին, թե արդյոք ճի՞շտ չէր լինի այդ տուգանքները իրավախախտ դատավորներից գանձել, փաստաբանը պատասխանեց, որ խնդիրը ոչ այնքան դատավորների, որքան դատաիրավական համակարգի անկախության բացակայության մեջ է։

«Ես չեմ կարծում, որ դատավորներին, քննիչներին պատասխանատվության ենթարկելով կարելի է շտկել իրավիճակը։ Կլինի քաղաքական կամք՝ օրենքը կգործի, չի լինի քաղաքական կամք՝ կլինեն զուտ իմիտացիոն գործընթացներ։ Կպատժեն մարդկանց, չեն պատժի մարդկանց՝ դա այն արդյունավետ միջոցը չի, եթե իրենց գրպանից էլ մուծեն, համոզված եմ, որ կշարունակեն կայացնել նույն որոշումները։ Իհարկե, մեկ անգամ ավելի կմտածեն, վերադասին կփորձեն մեկ անգամ ավելի հակաճառել, բայց դրանից իրավիճակ չի փոխվի», - ասաց Վարոսյանը։

«Մեր դատական համակարգը դասական իմաստով չի արտահայտվում եռաստիճան իր կառուցվածքով, ինչպես նշված է Սահմանադրության մեջ։ Ինքը դատավորների վարչություն է համապատասխան վարչության պետով, որտեղ բոլորը ենթակայությամբ աշխատող մարդիկ են, իրականությունը դա է, եթե դուք պատժեք ենթականերից մեկին, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ ինքը ցուցումը չի կատարի։ Պետք է ցուցումների մեխանիզմը գոյություն չունենա, դատավորը պատասխանատու լինի օրենքի առջև։ Կհասնենք այդ օրվան, այդ ժամանակ կարելի է խոսել նաև պատասխանատվության մասին։ Իսկ հիմա 1-2 դատավորի պատժելով իրավիճակ չի փոխվելու», - շեշտեց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG