Մատչելիության հղումներ

Հասանով․ «Ադրբեջանը երբեք չի վերածվի Իրանի դեմ հարձակման պլացդարմի»


Իրանի և Ադրբեջանի պետական դրոշները

Իրանի և Ադրբեջանի պետական դրոշները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունները զուտ դիվանագիտական արարողակարգից ելնելով չէ, որ արվել են երեկ Թեհրանում:

«Ադրբեջանը երբեք չի վերածվի Իրանի դեմ հարձակման պլացդարմի», - երեքշաբթի օրը Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Մենք դա պարզապես թույլ չենք տա: Դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, որը մենք բացահայտորեն ներկայացրել ենք բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

«Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ նույնիսկ օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը մեր երկրում արգելված է», - հատուկ ընդգծել է Հասանովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունները զուտ դիվանագիտական արարողակարգից ելնելով չէ, որ արվում են: Նախորդ տարիներին արևմտյան մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում, որ Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը` Իրանի դեմ հարձակման նպատակով: 2012 թվականի գարնանը, օրինակ, այս մասին գրել էր ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը: «Բարձրաստիճան չորս դիվանագետներ և ռազմական հետախուզության սպաներ պնդում են, որ Իսրայելը հնարավորություն է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանից ոչ հեռու գտնվող մի օդանավակայանից», - այդ օրերին գրում էր հանդեսը:

Վիքիլիքսյան գաղտնազերծումների համաձայն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ 2008-ին ամերիկացի դիվանագետների հետ զրույցներից մեկի ժամանակ անկեղծացել էր․ - «Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի միայն 10 տոկոսն է տեսանելի, իսկ մնացած 90-ը թաքնված է կողմնակի հայացքից»:

Այժմ, ահա, ադրբեջանական կողմը բարձրաստիճան զինվորականների շուրթերով հավաստիացնում է, որ Թեհրանում կարող են անհոգ լինել` հյուսիսից նրանց որևէ վտանգ չի սպառնում:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի զինվորականների պատվիրակությունը իսլամական հանրապետության մայրաքաղաք է ժամանել Ւլհամ Ալիևի Իրան պաշտոնական այցից ընդամենը մեկ շաբաթ անց:

Բաքվի և Թեհրանի երկկողմ հարաբերություններում նկատվող այս ակնհայտ ջերմացման ֆոնին` Ադրբեջանից ժամանած զինվորականների գլխավոր նպատակը Իրանի հետ երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության խորացնումն է:

Իսլամական հանրապետության իշխանությունները ևս կարծես հակված են ռազմական ոլորտում Բաքվի հետ հարաբերությունների ընդլայնմանը:

«Մեր հարևանների շարքում Ադրբեջանն առանձնահատուկ տեղ ունի», - Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ավարտին երեկ հայտարարեց Իրանի փոխնախագահ Էշհաք Ջահանջիրին` հավելելով․ - «Այսօր լայն հնարավորություններ են առկա պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար: Դրա պատճառներից մեկը տարածաշրջանային և գլոբալ հարցերում Ադրբեջանի և Իրանի ունեցած ընդհանուր մոտեցումներն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG