Մատչելիության հղումներ

logo-print

Ինչո՞ւ է նախարարը դուրս հրավիրել ՀԿ-ի ղեկավարին


Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը պնդում է, որ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը ոստիկանների միջոցով իրեն դուրս է հրավիրել աշխատանքային քննարկումից, որի ժամանակ արծարծվում էր Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբույծների կողմից ջրի վճարների հարցը:

Նման հայտարարություն Աթոյաննն արեց այսօրվա ասուլիսում՝ ընդգծելով, որ ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցչին՝ իրեն, արգելվել է ներկա գտնվել քննարկմանը, ուստի և ինքը չի կարողացել պաշտպանել գյուղի ձկնաբույծների իրավունքները:

Հարցին, թե ինչի համար են իրեն դուրս հրավիրել, Աթոյանը պատասխանեց․ - «Ես հարցը տալիս եմ՝ ինչի՞ համար եք Դուք ինձ դուրս հրավիրում, ասում է՝ ես Ձեզ չեմ վստահում․․․ Ո՞նց ինձ չես վստահում: Ես հասարակական կազմակերպության նախագահ եմ, ես մարդկանց իրավական, տնտեսական շահերի ներկայացուցիչն եմ»:

Աթոյանը շարունակեց, թե միջադեպի կապակցությամբ ինքը պաշտոնական գրություն է հղել նախարարի պաշտոնակատար Հարությունյանին, որպեսզի նա պարզաբանի, թե ինչո՞ւ է արգելել իրեն ներկա գտնվել մարտի սկզբին կայացած քննարկմանը: Ըստ օրենքի, նամակին պատասխանելու ժամկետը ավարտվել է մարտի 25-ին, սակայն Արամ Հարությունյանն այդպես էլ չի պատասխանել նամակին:

Բնապահապնության նախարարության լրատվության ծառայության ղեկավար Արմեն Վարդանյանն այս կապակցությամբ ասաց․ - «Բնապահպանություն նախարարը ձկնաբույծներից տեղեկանալով, որ իրենք չեն հրավիրել, և ընդառաջելով ձկնաբույծների խնդրանքին, որ ցանկանում են քննարկումը կազմակերպել առանց Աթոյանի, Արթուր Աթոյանին հրավիրել է դուրս: Որպեսզի առանձին ձկնաբույծների հետ քննարկեն խնդիրը: Իսկ օրակարգում ընդամենը մեկ հարց է եղել՝ ապօրինի ջրօգտագործողներին հնարավորություն ընձեռել փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ»:
XS
SM
MD
LG