Մատչելիության հղումներ

logo-print

Գործարարները տեղյակ չեն ՄՄ-ի հետ բանակցությունների ընթացքից


Չնայած նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Մինսկում, ըստ ամենայնի, կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, սակայն գործարար շրջանակներին մինչև օրս հայտնի չէ՝ Հայաստանի իշխանությունները կարողացե՞լ են շահավետ պայմաններ ձեռք բերել մեր տնտեսության համար:

Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:

Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:

Մաքսային միության ղեկավար մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին Մինսկում, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների մասնակցությամբ, կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: «Հայկական ժամանակ» պարբերականն այսօր հրապարակել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի խոսքերը, թե այդ նիստում նախագահ Սարգսյանը, ըստ ամենայնի, կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը:

Էկոնոմիկայի նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ տիկին Մինասյանը գործուղման է մեկնել արտերկիր, իսկ Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը միայն ասաց, որ նախագահի այցերի մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամկետներում:

Նախորդ շաբաթներին հայաստանյան գործարար հանրության ներկայացուցիչները իրենց հրապարակավ մտահոգությունները հայտնեցին՝ եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան բացառություններ ստանալ վերոհիշյալ ապրանքնատեսակների գծով, հետևանքը կլինի ոչ միայն բազմաթիվ, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկացումը, այլև՝ հատկապես փոքր ու միջին բազմաթիվ գործարարներ կսնանկանան, քանի որ չեն կարողանա վաճառել թանկացած ապրանքը կամ ծառայությունը:

Օրինակ, դեռ փետրվարին այդ մասին հայտարարեց Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ում ներկայացմամբ՝ այսօր օգտագործված ավտոմեքենաների ներկրմամբ ու վաճառքով մեր երկրում զբաղվում է մոտ 7 հազար անհատ ձեռներեց:

«Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, թե իրենց «հույսով սպասում են», քանի որ հայաստանցի պաշտոնյաներն իրենց հավաստիացրել են, որ այդ հարցը ներգրավված է

Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյանի խոսքով, Հայաստանում ձկնաբուծության ոլորտում զբաղված է մոտ 11 հազար մարդ: Ձկան կերը հիմնականում ներմուծվում է եվրոպական երկրներից ու Չիլիից:

Այսօր Աթոյանին խնդրեցինք ներկայացնել, թե ինչ վիճակում է ձկան կերի գծով բացառություն ստանալու հարցը: «Մեզ հետ ոչ ոք չի քննարկել: Մենք ընդհանրապես տեղեկացված չենք այդ առումներով»:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր ասաց, որ ոլորտում աշխատում է մոտ 3 հազար հոգի, և յուրաքանչյուր տարի Հայաստանում սպառվում է շուրջ 120 հազար տոննա թռչնի կեր, որի մոտ կեսը ներմուծվում է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից: Բացի այդ, ըստ Ստեփանյանի, այսօր Հանրապետությունում սպառվող թռնչի մսի մոտ 70 տոկոսը նույնպես ներմուծվում է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից՝ Արգենտինայից, ԱՄՆ-ից ու Կանադայից, և այսօրվա դրությամբ վերջնական պատասխան չկա նաև այդ հարցում:
XS
SM
MD
LG