Մատչելիության հղումներ

Ստորագրվելիք համաձայնագրերը «ամբողջությամբ կլուծեն ՌԴ-ում հայ միգրանտների խնդիրները


Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Հայաստանի կառավարությունում հույս ունեն, որ անցած շաբաթ ռուսական կողմի հետ ստորագրված հուշագիրը լայն հնարավորություններ կբացի Մաքսային Միություն գնացող Հայաստանի աշխատաշուկայի համար։

Մեկ շաբաթ առաջ հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված հուշագրի ստորագրմանը մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհուրդների, արտգործնախարարությունների և միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչները։

Համաձայն Հայաստանի անվտանգության խորհրդի մամլո ծառայության հաղորդագրության, փաստաթուղթն իրենից ներկայացնում է ճանապարհային քարտեզ, որով «ամբողջությամբ լուծում է տրվելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայ միգրանտների խնդիրներին»։

«Ազատության» հետ զրույցում Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հստակեցնելով հուշագրից բխող արտոնությունները՝ նշում է, որ դրանք նպաստավոր պայմաններ կստեղծեն Մաքսային Միության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։

Ըստ հուշագրի, 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող երկու համաձայնագրերից առաջինը թույլ կտա հայ միգրանտներին ներկայիս 7 օրվա փոխարեն Ռուսաստանի տարածքում հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում։ Երկրորդ համաձայնագրով դյուրացումներն ավելի լայն են` եթե ներկայումս Ռուսաստանում օրինական աշխատանքի անցնելու համար հայ միգրանտը ստիպված է ընկնել տարատեսակ փաստաթղթերի ձեռք բերման հետևից, դրանք ներկայացնել Դաշնային միգրացիոն ծառայություն և անպայման ձեռք բերել այդ երկրում աշխատանքի թույլտվություն, ապա գալիք տարվա հունվարի 1-ից` Մաքսային Միության կազմում հայաստանցի միգրանտներ,՝ առանց աշխատանքի թույլտվության ու այդ տարատեսակ փաստաթղթերի ձեռք բերման, կարող են աշխատանքի անցնել Միության տարածքում, եթե ընդամենը ունենան աշխատանքային պայմանագիր։

«Աշխատաշուկան միասնական է դառնում: Կարիք չի լինելու էլ ստանալ աշխատանքի թույլտվություն, պետական տուրք վճարել, տեղեկանքներ ներկայացնել: Միայն կարիք է լինելու աշխատանքի պայմանագիր, և դա համարվում է հիմք, որ անձը օրինապես գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում», - պարզաբանեց Եգանյանը:

Նա նշում է, որ 2 հարցով էլ ռուսական կողմին է փոխանցված միջպետական համաձայնագրերի նախագիծը, և Հայաստանում հույս ունեն, որ մինչև հունվարի 1-ը դրանք կսկսեն գործել։

«Եթե համաձայնագիրը կնքվի ավելի շուտ, և ավելի շուտ պետական վավերացում անցնի, այսինքն՝ սեպտեմբերից ուժի մեջ մտնի, դրանից մեր քաղաքացիները ավելի շահեկան վիճակում կլինեն», - համոզված է Եգանյանը։

Միգրացիոն ոլորտի մասնագետները Հայաստանում, սակայն, չեն շտապում դրական խոսել սպասվող դյուրացումների մասին։ Միգրացիոն ոլորտի փորձագետ Ռուբեն Եգանյանն առաջարկում է սպասել՝ տեսնելու դրանք իրականության մեջ։ Միևնույն ժամանակ նշում է մի կարևոր հանգամանք՝ Ռուսաստանում աշխատող հայերը սովորաբար առանց աշխատանքային պայմանագրի են այդ երկրում աշխատում. Գործատուները նրանց նախընտրում են հենց առանց պայմանագրային պարտավորությունների հարաբերությունների համար՝ առանց հարկեր վճարելու պետությանը. - «Ամբողջ հարցը նրանում է, թե գործատուն կգնա՞ քո հետ պայմանագիր ունենալուն, թե՞ չէ»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս ուշադրություն է դարձնում այս հանգամանքին. այս պարագայում Ռուսաստանն առաջնահերթ լուծում է իր աշխատանքային ոլորտի օրինականացման խնդիրը, և այն ուղղված է հիմնականում գործատուին, ոչ թե աշխատողին. - «Ինձ այնպես է թվում, որ դա կնվազեցնի Հայաստանից աշխատանք փնտրողների հեռանկարը: Վստահ չեմ, որ սա այս պահին մեր աշխատողի համար ամենացանկալի լուծումն է, քանի որ մեր նման երկրում պետության կողմից կոռուպցիայի այսպիսի բացարձակ, մեծ կոռուպցիայի պայմաններում աշխատողների համար հնարավոր ելքերը ստվերային աշխատանքներն են: Եվ սրանք բոլորը, իհարկե, նոր իրավիճակներ կառաջացնեն»:

Համաձայն անվտանգության խորհրդի հաղորդագրության, հուշագրով նաև հնարավորություն կտրվի Ռուսաստանի այսպես կոչված սև ցուցակում հայտնված ավելի քան 170.000 հայաստանցիներին կարգավորել իրենց խնդիրները։ Սրանք այն հայաստանցիներն են, որոնք խախտել են Ռուսաստանի օրենքներն ու այդ պատճառով նրանց մուտքն այդ երկիր արգելված է։ Հայաստանցիներին հուզող այս խնդրի վերաբերյալ միգրացիոն ծառայության պետն ասում է, թե ռուսական կողմը պատրաստ է առանձին-առանձին քննարկել այդ դեպքերը։

«Քարացած, կարծրացած համակարգի մասին չէ խոսքը», - շարունակում է պաշտոնյան: - «Իրենք նաև ասացին, որ պատրաստ են նաև այսօր էլ քննարկել անձանց կողմից ուղղակիորեն իրենց ուղարկված դիմումները»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG