Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ Քառյակի հիմնական խնդիրը այժմ պետք է դառնա նախագահի հրաժարականը


Ոչ իշխանական քառյակի պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Ոչ իշխանական քառյակի պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ժամկետանց խարդավանք» է որակում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու՝ Հայ ազգային կոնգրեսի կոչը։

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ժամկետանց խարդավանք» է որակում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու՝ Հայ ազգային կոնգրեսի կոչը՝ ընդգծելով, որ հասարակությանը հետաքրքրում է բոլոր ուժերի միավորումը։

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ երկուշաբթի տարածած հայտարարությանը, որտեղ ընդդիմադիր ուժը կոչ էր արել քառյակի գործընկերներին չսպասել նոր կառավարության ձևավորմանը և այս պահից արդեն աշխատել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության ուղղությամբ, Աբրահամյանը Tert.am-ին ասել է. - «Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են»։

ՀԱԿ-ի հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանում իշխանությունները ոչ լեգիտիմ են և կոռումպացված, ուստի ի վիճակի չեն երկրի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու իրավունքը։

Կուսակցությունը վերահաստատել էր իր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ շարունակելու քառյակի ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը։ Հաղորդագրությունում որևէ քննադատական խոսք չկար անձամբ Հովիկ Աբրահամյանի հասցեին։

Քառյակի մյուս ուժերը առայժմ չեն շտապում արձագանքել։ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրաժարվում է մեկնաբանել այլ կուսակցության հայտարարությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Ազատությանը» ասաց, որ այս հարցի շուրջ իրենց դիրքորոշումը կհայտնեն առաջիկա օրերին։ Այս պահին դեռևս հստակ չէ՝ արդյոք տեղի կունենա չորս ուժերի ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը։

«Քառյակի որոշելիք հարցրերը քառյակի կոմպետենտության շրջանակներում են, և եթե կայացվի որևէ որոշում, ապա այն կիրականացվի։ Դա ոչ թե միայն ԲՀԿ-ի, այլ ոչ իշխանական բոլոր ուժերի կոմպետենտության հարցն է»,- փոխանցեց Ուրիխանյանը։

Թե երբ է քառյակը քննարկելու առաջիկա ծրագրերը, դեռ պարզ չէ։ Ամբողջական իշխանափոխության հասնելու վերաբերյալ ՀԱԿ-ի կոչին այս պահի դրությամբ քառյակից միայն «Ժառանգությունն» է հրապարակավ համաձայնություն հայտնում։

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը և անգամ կոչ են անում ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը ավելի շուտ անցկացնել։

«Քառյակի գործունեությունը պետք է ուղղված լինի իշխանափոխությանը և արտահերթ ընտրություններին, ուստիև այն, ինչ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը, մեր մոտեցումներին համահունչ է ամբողջական իշխանափոխության պահով», - հայտարարեց Մարտիրոսյանը:

«Ես կարծում եմ, որ մեր գործընկերները չորս քաղաքական ուժերի կտրվածքով պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Առաջին փուլը, ըստ էության, ավարտվեց՝ վարչապետի հրաժարականը տեղի ունեցավ, հիմա պետք է շարունակվի, և իսկապես պետք չէ ժամանակ կորցնել, որովհետև իշխանությունը միայն փորձեր է արել պառակտել չորս ուժերի միասնությունը և ժամանակ շահել», - ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով․ - «Ես կարծում եմ, որ այդ նետված խայծերը քառյակը չպետք է ընդունի և իր գործունեությունը պետք է ավելի ակտիվացնի»:
XS
SM
MD
LG