Մատչելիության հղումներ

​Ուկրաինան հանրաքվեին դեմ չէ


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը մասնակցում են Գերագույն ռադայի հատուկ հանձնաժողովի նիստին: Կիև, 14 ապրիլի, 2014թ.
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը մասնակցում են Գերագույն ռադայի հատուկ հանձնաժողովի նիստին: Կիև, 14 ապրիլի, 2014թ.

Կրեմլը հետևում է ուկրաինական զարգացումներին։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն այսօր հայտարարել է, որ կառավարությունը դեմ չէ կառավարման ձևաչափի հարցով համազգային հանրաքվեի գաղափարին։

Այսօր հեռուստաուղերձով դիմելով հայենակիցներին՝ Տուրչինովն ասել է, որ հանրաքվեն կարելի է անցկացնել նախագահական ընտրությունների օրը` մայիսի 25-ին։

«Ես համոզված եմ, որ այդ հանրաքվեի արդյունքում ուկրաինացիների մեծ մասը քվեարկելու է միացյալ, անկախ, դեմոկրատական Ուկրաինայի օգտին», - ասել է Տուրչինովը։

Արձագանքելով այդ լուրին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ Կիևի առաջարկը գնահատելու համար: Բոլոր դեպքերում, ըստ Լավրովի, Ուկրաինայի ռուսախոս արևելյան շրջանների բնակիչները պետք է մասնակցեն հանրաքվեին դրվելիք Սահմանադրության նախագծի մշակմանը։

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ռուսաստանի շահերից չի բխում Ուկրաինայի ապակայունացումը։ Ռուսաստանի շահերից բխում է միացյալ Ուկրաինան, որտեղ բոլոր ազգային խմբերի և շրջանների ներկայացուցիչները, բոլորն առանց բացառության` իրենց կզգան երկրի հավասար, այլ ոչ թե երկրորդ կարգի քաղաքացիներ», - ասել է Լավրովը։

Այսօր Կիևից ստացված հաղորդագրությանն է անդրադարձել նաև Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուն։ Քեթրին Աշթոնը նշել է, որ հարկ է ուսումնասիրել հանրաքվեի մասին առաջարկը, որը Տուրչինովը հասցեագրել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններին։

Հանրաքվեն հարավային և արևելյան շրջաններում պետական գրասենյակները հսկողության տակ վերցրած ռուսամետ ակտիվիստների գլխավոր պահանջներից է։ Ուկրաինայի արևմտյան շրջանների բնակչությունը դեմ է երկրի դաշնայնացմանը։ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում, Սլավյանսկում և մեծ ու փոքր այլ ավաններում ռուսները գրավել են տեղական վարչական շենքները, զինվել են և պնդում են, որ պատրաստ են հետ մղել ուկրաինական բանակի հնարավոր գրոհները։

Առավոտյան սպառվել է այդ շենքերը գրաված ռուսներին Կիևի ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Իշխանությունները սպառնացել էին ռազմական գրոհներ սկսել և ազատել շենքերը՝ խոստանալով, որ եթե ռուսները կամավոր հանձնեն զենքն ու հեռանան, ապա դատական պատասխանատվության չեն ենթարկվի։ Այնուամենայնիվ Կիևում, հավանաբար, չեն ցանկանում արյունահեղության գնալ։

Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշիցյան «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ իշխանություններն ունեն հարավային և արևելյան շրջաններում զարգացող իրադարձություններին ռուսների մասնակցությունը հաստատող ապացուցներ։

«Նախ ակնհայտ է, որ անջատողական ծայրահեղականները, ովքեր գրավել են վարչական շենքերը, զինված են ոչ թե Ուկրաինայի անվտանգության ծառայության կամ բանակի պահեստներից գողացված, այլ հենց ռուսական բանակի ավտոմատներով։ Բացի այդ, նրանք կրում են այն նույն համազգեստը, որը կրում են Ղրիմը գրաված ռուսական բանակի զինծառայողները, նրանք իրենց կապուղիներով ռուսաստանցիներին հատուկ ռուսերենով են խոսում։ Եթե համեմատեք Ղրիմը բռնակցած ստորաբաժանումների լուսանկարները և տեսագրությունները, ապա նույն պատկերը կստանաք», - ասել է Դեշիցյան։

Երեկ ուշ երեկոյան հերթական անգամ իր գոյության մասին է հիշեցրել Դոնի Ռոստովում ապաստանած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով ասել է, թե Ուկրաինան այլևս մեկ ոտքով ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ։

«Կիևի խունտան արձակել է հարավային և արևելյան շրջաններում խաղաղ բնակիչների դեմ բանակն օգտագործելու հանցավոր հրամանը», - ասել է Յանուկովիչը և, պնդելով, որ ինքն է գերագույն հրամանատարը, «հրամայել է» չկատարել հանցավոր հրամանները։

Անցած գիշեր Ուկրաինայի հարցը Ռուսաստանի պահանջով քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ, բացառությամբ Ռուսաստանի, բոլոր մնացած ներկայացուցիչները ուկրաինամետ դիրքորոշում են դրսևորել։ Խորհուրդը որևէ բանաձև չի ընդունել։

Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին, ով ասել է, թե նախագահին խիստ մտահոգում են Ուկրաինայի արևելյան շրջաններից ստացվող լուրերը։ Պեսկովն ասել է նաև, թե նախագահն այնտեղից ստանում է Ռուսաստանի օգնության խնդրանքով բազմաթիվ դիմումներ։
XS
SM
MD
LG