Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում փորձագետներից քչերին է անակնկալի բերել։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով երկրում լարվածությունը գնալով մեծանում էր, կարող էր անգամ կրկնվել ուկրաինական սցենարը, ուստի Սերժ Սարգսյանը դա կանխելու համար էլ հենց Աբրահամյանին վարչապետ նշանակեց

«Որոշումը ճիշտ էր այն առումով, որ պետք էր փոխել վարչապետին, որ լարվածությունը ընկնի: Բայց քանի որ կապված էր ներքին քաղաքականության հետ, պարզ էր՝ ով պետք է ընտրվի՝ Հովիկ Աբրահամյանը», - մեկնաբանում է Գրիգորյանը:

Ոչ իշխանական չորս ուժերից առնվազն երկուսը՝ «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅԴ-ն, քաղաքագետի կարծիքով Աբրահամյանի թեկնածությունը վատ չեն ընդունի, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» մի քիչ ավելի քննադատական կեցվածք կընդունեն։

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով Սերժ Սարգսյանը ընտրություն է կատարել 3 թեկնածուների՝ Սեյրան Օհանյանի, Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի միջև։ Առկա խնդիրները եղել են երկուսը՝ արտաքին և ներքին։ Եվ, փաստորեն, ըստ վերլուծաբանի, Աբրահամյանին նշանակելով, Սերժ Սարգսյանը լիովին լուծեց ներքին լարվածության հարցը։

«Ընտանեկան և անձնական կապերը՝ Ծառուկյանի և Աբրահամյանի, բնականաբար, կաշկանդելու են ԲՀԿ-ին գրոհել կառավարության վրա, բայց նաև մյուս կողմից՝ չի կարող դրվել նախագահի հրաժարականի խնդիր», - մեկնաբանում է նա:

Սաֆարյանի կարծիքով այս որոշմամբ հարցականի տակ դրվեց քառյակի հետագա գործունեությունը։ Այժմ ոչ իշխանական ուժերը սպասողական վիճակում են, և ամենայն հավանականության ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա։ Ամեն ինչ պարզ կլինի նոր կառավարության կազմը հրապարակելուց հետո, շատ հնարավոր է, որ դրան մաս կազմեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, քանի որ ՀՀԿ խոսնակը, նոր վարչապետին ներկայացնելիս, խոսում էր մասնակի պատասխանատվության մասին, այսինքն ուժերից մեկը կոալիցիա չի մտնում բայց պաշտոն է ստանում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այս կարծիքի հետ համաձայն է, նրա խոսքով իշխանությունը ամեն կերպ կփորձի համագործակցել ԲՀԿ-ի հետ։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ ժողովուրդը արդեն երկար ժամանակ է, ինչ թերահավատ է իշխանության հանդեպ, և այս ընտրությունը, ըստ էության, լուծում է միայն իշխանության անվտանգության խնդիրը։

«Կտրուկ փոփոխությունների համար հիմքերը չկան», - հավելում է նա:

Ամեն դեպքում, բացի ներքաղաքական խնդիրները լուծելուց, Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Հովիկ Աբրահամյանը պետք է նաև տնտեսական արդյունքներ ցույց տա։ Վերլուծաբանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը նրան ներկայացնելիս հստակ նշել էր՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը Հանրապետականում ոչ բոլորն են սատարել, և որ այդ մտահոգությունները նա պետք է շատ արագ փարատի արդյունավետ աշխատանքով, սա թերևս նշանակում է, որ նոր վարչապետին կոնկրետ ժամանակ է տրված՝ ասում է Սաֆարյանը:

«Այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ունի շատ մեծ ռիսկեր՝ լինելու միջանկյալ և անցումային կառավարություն, և կարճ կյանք ունեցող կառավարություն՝ այդ ռիսկերը նույնպես կան», - ասում է նա:

Թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստանի ներքաղաքական դաշտում մեծամասամբ կապված է նոր կառավարության կազմից։ Փորձագետների կարծիքով Հովիկ Աբրահամյանի առջև լուրջ խնդիրներ են դրված թե՛ արտաքին, և թե՛ ներքին դաշտում, և դրանց լուծման ճանապարհին ճիշտ կլինի, որ նոր վարչապետը հաշվի առնի նաև ընդդիմության կարծիքը։
XS
SM
MD
LG