Մատչելիության հղումներ

Խաչատրյան․ Աբրահամյանի կառավարությունը օլիգարխիկ համակարգի մի մասն է


Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի կարողանա լուծել երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, քանի որ նույն օլիգարխիկ համակարգի մի մասն է, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Հարցը անձի մեջ չէ: Տիգրան Սարգսյանին փոխարինելով Հովիկ Աբրահամյանով, Հովիկ Աբրահամյանին փոխարինելով Տիգրան Սարգսյանով, հարցը չի լուծվի, որովհետև հարցը համակարգային է․ այսօրվա իշխանությունը պատրաստ չէ պայքարել կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ, որովհետև այս իշխանության բազան այդ տնտեսական մենաշնորհներն են, կոռուպցիան է: Առանց դրանց այսօրվա իշխանությունը գոյություն ունենալ չի կարող», - ասում է նա:

Ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացնելով Հայաստանի 13-րդ վարչապետին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջնահերթություններից է լինելու իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ «հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը»:

«Հայաստանում բարեփոխումները կսկսեն աշխատել և երկրի սոցիալ-տնտեսական կյանքում էլ փոփոխություններ կնկատվեն միայն ամբողջական իշխանափոխությունից հետո»,- համոզմունք հայտնեց Խաչատրյանը, - «Լավանալու՝ ես ոչ տրամադրություն եմ տեսնում, ոչ ցանկություն եմ տեսնում, և այսպիսի կոսմետիկ ձևով փորձել հարցեր լուծել՝ հաջողություն չի ունենա»:

Հայ ազգային կոնգրեսի անդամը օրինակ բերեց՝ տարիներ է ինչ Հայաստանի իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խոսում են երկրում առկա օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին, քանի որ այն դիտարկվում է տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը, սակայն այդ ուղղությամբ հաջողությունները մեղմ ասած վիճելի են․ անցած նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Պակաս ուշագրավ չեն միջազգային մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները: 2009-ի ավելի քան 14 տոկոսանոց անկումից հետո մինչ օրս Հայաստանը չի կարողացել վերականգնել իր տնտեսության մինչճգնաժամային՝ 2008 թվականի ծավալները: Հիմնադրամի հաշվարկներով տնտեսական այս աճի պայմաններում մենք դա կարող ենք անել միայն 2016 թվականին, մինչդեռ հարևան Ադրբեջանը դա արել է անկման հենց հաջորդ տարում՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:
Գագիկ Մինասյան

Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը, սակայն, այլ կարծիք ունի:

«Ես կարծում եմ, որ մեր երկիրը գտնվում է խորը բարեփոխումների փուլում: Մենք իսկապես նախաձեռնել ենք մի շարք չափազանց կարևոր բարեփոխումներ, որոնք իրենց արդյունքները միանգամից տալ չէին կարող», - ասում է նա՝ կարևորելով բարեփոխումների շարունակական բնույթը և վստահություն հայտնելով, որ նորանշանակ վարչապետը կշարունակի նախորդ կառավարության ձեռնարկած բարեփոխումները:

«Արդյոք պե՞տք է նոր կառավարությունից սպասել նոր քայլեր տնտեսական քաղաքականության, և իրավիճակ փոխող քայլեր՝ օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի ոլորտներում», - «Ազատության» այս հարցին Մինասյանը արձագանքեց, թե՝ բարեփոխումները կշարունակվեն: Մի բան, ըստ Մինասյանի, հստակ է՝ առաջիկա ամիսներին նոր կառավարությունը պետք է հատկապես ուշադրություն դարձնի բյուջեի հավաքագրմանը:

«Նոր կառավարությունը առաջին հերթին ձեռնամուխ կլինի այդ կարևորագույն խնդրի իրականացմանը», - համոզմունք հայտնեց Մինասյանը:
XS
SM
MD
LG