Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը փորձում է զսպել Էրդողանի նախագահական հավակնությունները


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր համակիրներին ՏԻՄ ընտրություններից հետո, 30-ը մարտի, 2014

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր համակիրներին ՏԻՄ ընտրություններից հետո, 30-ը մարտի, 2014

Թուրքական ընդդիմությունը ծրագրեր է մշակում, որոնք հնարավորություն կտան կանխել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրությունը նախագահի պաշտոնում:

Այդ մասին շաբաթավերջին հայտարարեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն` կոչ անելով ընդդիմադիր մյուս խոշորագույն ուժին` «Ազգայնական շարժում» կուսակցությանը, օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես գալ միասնական թեկնածուով:

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ քաղաքական երկու ուժերը ցանկանում են ընտրել այնպիսի մի գործչի, ով ընդունելի կլինի և ազգայնականների, և Սոցինտերնի անդամ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընտրազանգվածի համար:

Zaman օրաթերթն իր կիրակնօրյա համարում նույնիսկ ներկայացրեց հնարավոր թեկնածուների ցանկը: Դրանցից առավել մեծ շանսեր ունեցողը երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քիլիչն է:

«Նրա նկատմամաբ ընդդիմադիր զանգվածի վերաբերմունքը բավական դրական է: Գոհունակությամբ ընկալված նրա վերջին գործողությունը Twitter սոցիալական ցանցի՝ կառավարության կողմից սահմանված արգելափակման վերացումն էր: Թուրքական հանրության շրջանում, իհարկե, դեռ թարմ են 2000 թվականին Սահմանադրական դատարանի մեկ այլ նախագահի` Ահմետ Նեջեթ Սեզերի նախագահ ընտրվելու հետ կապված ոչ այնքան հաճելի հուշերը, բաց և այնպես դատարանի այս մի ղեկավարը բավական լուրջ թեկնածու է ընկալվում»,- գրում է թերթը:

Թեկնածուներից ևս մեկը մարտի 30-ի ընտրություններում Անկարայի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Մանսուր Յավաշն է: Նրա կողմնակիցների համոզմամբ` Յավաշը Անկարայի քաղաքապետի ընտրությունների իրական հաղթողն է, և քվեարկության արդյունքները կեղծվել են հոգուտ Էրդողանի կողմնակից Մելիհ Գյոքչեքի: Սա է պատճառը, որ ընդդիմադիր գործչի վարկանիշը հատկապես քաղաքային բնակչության շրջանում բավական բարձր է: Բացի այդ նա կարող է իրոք շատ հաջողված փոխզիջումային թեկնածու դառնալ, քանի որ նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ: Վերջին ընտրություններին, սակայն, նա առաջադրվեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակով, ինչը, սակայն, նրա նախկին կուսակիցների լուրջ դժգոհությունը չառաջացրեց:

Zaman-ի ցանկում տեղ է գտել նաև գեներալ Իլքեր Բաշբուղի անունը, ով «Էրգենեկոնի» գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն մի քանի շաբաթ առաջ դատարանի որոշմամբ հայտնվեց ազատության մեջ: Թերթի պնդմամբ՝ թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի թեկնածությունը հաստատվելու շատ քիչ շանսեր ունի: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կտրականապես դեմ է նախկին զինվորական առաջադրելու գաղափարին, իսկ ազգայնականների համոզմամբ՝ նախագահի թեկնածուն չպետք է դատվածություն ունենա:

Հավելենք, որ Էրդողանի նախագահական հավակնությունները զսպելու գործում ընդդիմությանը կարող է օգնել գործող նախագահ Աբդուլա Գյուլը: Օրերս նա կրկին ոչ հերքել է և ոչ էլ հաստատել է իր առաջադրման հավանականությունը:
«Ապրիլի 10-ին մենք Էրդողանի հետ միասին քննարկեցինք հարցը, թե մեզանից ով պետք է պայքարի նախագահի պաշտոնի համար: Այդ քննարկմանը մենք կվերադառնանք ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին»,- նշել է Գյուլը:
XS
SM
MD
LG