Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը ողջունում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ընդունած բանաձևը


Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի այսօր կայացած հերթական նիստի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին:

Այս առիթով, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Միջեկեղեցական խորհուրդը նամակ է ուղղել ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ եկեղեցու և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:

Նամակում, մասնավորապես, կարևորվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սեմին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման և դատապարտման գործում:

Ռոբերտ Մենենդեսին նամակ է հղել նաև Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար, և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին», - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխանցմամբ, Մենենդեսին գրել է Զաքարյանը՝ շեշտելով․ - «Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG