Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ողջունում են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սենատի հանձնաժողովի կողմից


Հայաստանում ողջունում են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը և այն որակում կարևոր մի փաստաթուղթ, որը կարող է ստիպել Թուրքիայի կառավարությանը ընդունել անցյալում կատարած հանցագործությունը։

Վերջին 25 տարում Սենատում առաջին անգամ է նման բանաձև ընդունվում՝ այն էլ ձայների մեծամասնությամբ։ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ընդունված այս փաստաթղթին կողմ է քվեարկել 12, դեմ՝ 5 սենատոր։

Բանաձևը շրջանառության մեջ էին դրել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը:
Հայ հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը բանաձևի ընդունումը համարում է ամերիկահայ համայնքի նպատակասլաց աշխատանքի արդյունք։

«Քվեների հարաբերակցությունը դա ևս լավատես լինելու հիմքեր է տալիս, որովհետև պիտի հիշենք, որ երեք տարի առաջ, երբ Ներկայացուցիչների պալատի նույն հանձնաժողովում հարցը քննարկվեց, այնտեղ ընդամենը մեկ ձայնով դրական եզրակացություն եղավ, և ի վերջո օրակարգ չմտավ»,- ասաց Մանոյանը։

Ընդունված բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանությունն ու նույնն անելու կոչով դիմում նախագահ Բարաք Օբամային։ Փաստաթղթի համահեղինակներից մեկը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նշել է.- «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, այն հնարավոր չէ այլ կերպ կոչել։ Պետք է ընդունեք, որ հաջորդ տարի, երբ կնշվի ցեղասպանության 100-ամյակը, մեկ դար առաջ հայերը սպանվել են Օսմանյան Թուրքիայում»։

Բանաձևում նշվում է նաև, որ համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի ոչնչացումը, ինչպես նաև կես միլիոն մարդու տեղահանումը իր պատմական հայրենիքից հանգեցրել է հայերի ավելի քան 2500 տարվա պատմական հայրենիքի կորստին։

Բանաձևում, սակայն չկան կոչեր ուղղված Թուրքիայի ներկայիս կառավարությանը՝ ցեղասպանության ընդունման վերաբերյալ։ Մինչև քվեարկությունը Մենենդեսը երկու փոփոխություն է կատարել փաստաթղթում, և որպես փոխզիջում՝ հանել թուրքական ներկայիս ժխտողական քաղաքականությանը և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին պնդումները։ Ի պատասխան Բարաք Օբամայի վարչակազմն էլ բացահայտ չի ընդդիմացել փաստաթղթին։

Չնայած սրան, դաշնակցական Մանոյանը ընդունված բանաձևը համարում է ճնշում Թուրքիայի նկատմամբ և նշում, որ ամերիկյան օրենսդիրները չէին կարող այլ պետությանը պարտավորեցնող կոչեր գրել։

«Շատ բաներ կան, որ Թուրքիան արել է արտաքին ճնշման տակ»,- ընդգծում է նա։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս կարծում է, որ բաց տեքստով Թուրքիային մեղադրելը սխալ կլիներ, այդ դեպքում թուրքամետ գործիչները բողոքի ձայն կբարձրացնեին, առավել կդժվարանար ցեղասպանության ճանաչման գործընթացը։

«Հղում կա 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ընդունված հայտարարագրին. Այս փաստաթղթում շատ հստակ մեղադրվում է Օսմանյան Թուրքիայի կառավարությունը և կառավարության անդամները՝ հայերի ջարդերը կազմակերպելու համար»,- ասաց Սաֆրաստյանը։

Մինչ Կիրո Մանոյանը կարծում է, որ արտաքին ճնշումները ևս կարևոր գործոն են ի վերջո ստիպելու Թուրքիային ընդունելու իր անցյալի սխալները, ամերիկահայ, ցեղասպանություն վերապրածի ժառանգ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ ցեղասպանության ընդունման համար ավելի կարևոր է Թուրքիայի վերաբերմունքի փոփոխությունը՝ իր իսկ կամքով։ Իրական որոշումը հենց Թուրքիայի ներսում պիտի կայացվի, համոզված է Կիրակոսյանը։

«Միևնույն ժամանակ, որպես ամերիկահայ, ով այժմ ապրում է Հայաստանում, և որքան էլ ես համակրում եմ Օբամային, պետք է ասեմ, որ ես չափազանց հիասթափված եմ։ Բայց որպես ցեղասպանությունը վերապրածի թոռ, ես նաև չեմ ուզում, որ նախագահ Օբաման ընդունի ցեղասպանությունը քաղաքական նկատառումներից ելնելով։ Մեզ՝ հայերիս պետք չէ, որ նախագահ Օբաման հաստատի այն, ինչը մենք գիտենք, որպես պատմական փաստ։ Ցեղասպանության ճանաչման ձախողումը հենց վիրավորանք է ամերիկյան կառավարությանը»,- ասաց Կիրակոսյանը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողում ընդունվելուց հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Սենատի նիստում: Հայաստանում հույս ունեն, որ այս անգամ այն կհասնի Սենատ՝ արժանանալով մեծամասնության դրական արձագանքին։

Հայաստանի արտգործնախարարությունը ևս ողջունել է բանաձևը.- «Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
XS
SM
MD
LG