Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ այսօր տեղի ունեցած նիստից հետո Հայաստանի 13-րդ վարչապետի անունը չհրապարակվեց:

«Այսօր Հանրապետության նախագահը ներկայացրեց կուսակցության գործադիր մարմնի անդամներին կոնսուլտացիաների ընթացքը, և երկուշաբթի օրը տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ այնուհետև՝ խորհրդի նիստ, որտեղ և մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը», - Հանրապետական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ազատության» հարցերին, թե եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ո՞վ կլինի ԱԺ նախագահը, ի՞նչն է ՀՀԿ-ին խանգարել ընտրել վարչապետ, Շարմազանովը նախընտրեց չպատասխանել։

«Քանի դեռ կուսակցության քննարկումները չեն ավարտվել, ես որևէ այլ փակագծեր չեմ բացելու», - միայն ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե արդյոք կիրակի օրը չի՞ լրանում վարչապետ նշանակելու՝ Սահմանադրությամբ նախատեսված 10-րդ օրը, Շարմազանովն ասաց. - «Կիրակին աշխատանքային օր չէ: Օրենքով սահմանված կարգով մենք իրականացնում ենք մեր գործառույթները»:

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով նախորդ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը, որոշեց ընդունել նրա և կառավարության հրաժարականը: Վարչապետի պաշտոնը թափուր է արդեն 7 օր: Նոր վարչապետի նշանակման համար Սահմանադրությամբ տասնօրյա ժամկետ է նախատեսված:

Այսօր ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովում իշխող խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավանական էր համարել, որ վարչապետ կընտրվի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG