Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրին մեղադրանք է առաջադրվել «շան ականջի դեղի» համար


Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով բանտում գտնվող Հայկ Հարությունյանի ընտանիքը վիրավորված և վրդովված է նրան առաջադրված նոր մեղադրանքից։

Ի սկզբանե իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնության մեղադրանքով կալանավորված Հարությունյանի մեղադրանքը վերջերս փոխվել է, և, ի տարբերություն այս գործով անցնող մյուս 14 ընդդիմադիրների, Հայկ Հարությունյանին խուլիգանությունից բացի առաջադրվել է նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի ձեռքբերելու ու պահելու մեղադրանք։ Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Հարությունյանի ծնողները՝ Հակոբ Հարությունյանն ու Լաուրա Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ խոսքը ցավազրկող մի դեղի մասին է, որը 16 տարի առաջ գնել են շան ականջը բուժելու նպատակով. շունը 2002 թվականից սատկած է, դարակներից մեկում մնացած դեղի մասին էլ վաղուց մոռացել էին:

«Եկան ձերբակալման հաջորդ օրը, ամբողջ տունը խուզարկեցին, գրքերի արանքով, շորերի արանքով, դարակում գտան այդ դեղը։ Ասեցին, որ փնտրում էին զինամթերք և հոգեմետ դեղեր։ Ես ասեցի՝ սխալ հասցեով եք եկել, որովհետև մեր տանն այդպիսի բաներ երբեք չի օգտագործվել։ Դե եթե շատ նպատակով փնտրում են, ապա մի բան անպայման կգտնեն։ Խուզարկող տղան բերեց ասեց՝ տիկին սա ի՞նչ դեղ է», ասեցի՝ վրան գրված է՝ Նեմբուտալ», - պատմեց մայրը՝ հավելելով, որ Վերնիսաժից են գնել դեղը 1998 թվականին:

«Շան ականջը միջատ էր մտել, անընդհատ գլխով թափ էր տալիս, մենք էլ բերեցինք, որ հանգստանար, քներ, միջատն ականջից հանեին։ Սա է։ Եթե ես իմանայի, որ այդ դեղի համար այս պատմությունը կլինի, վաղուց կգտնեի, կշպրտեի, բայց երբեք մտքովս չի անցել։ Ցավազրկող դեղ է, հին գրքերի մեջ գրված է, որ նույնիսկ երեխաներին կարելի է տալ որպես հանգստացնող։ Վերջ։ Դա է եղել դեղի ամբողջ պատմությունը։ Նարկոմաններին թողնում են, մեքենաների մեջ թմրանյութ են գտնում, բայց նրանց վրա այս հոդվածը չեն դնում, իմ որդու վրա դնում են։ Պետք է՝ դրա համար էլ դրել են, իրենց էդպես էր պետք», - վրդովված էր մայրը։

«Անհեթեթություն» որակելով մեղադրանքը՝ Հայկ Հարությունյանի ծնողները ընդգծեցին, որ փորձաքննության արդյունքներով նրա արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։ Մտերիմներն ու ընկերներն էլ ապշած են, որովհետև նույնիսկ առօրյայում ալկոհոլ է հազվադեպ օգտագործել. -
«Տնային պայմաններում պատրաստված դեղ չի, բան չի, ընդամենը դեղի 3 կոմպոնենտներից մեկը պենտոբարբիտալ է, որը բազմաթիվ դեղերի մեջ կա, բազմաթիվ... Ցանկացած դեղ կարող են վերցնել, ու էլի նույն հոդվածով ցանկացած մարդու պիտակավորել», - ասաց հայրը՝ Հակոբ Հարությունյանը: - «Դա մաքուր պիտակավորում է, դա դիտավորյալ քայլ է, դա հետաքննություն չի, նույնիսկ նողկանք է առաջացնում իրենց արած այդ քայլը։ Իրեն հարգող մարդը կամաչեր նման հոդված կպցնել»։

Հայկ Հարությունյանը 40 տարեկան է, Ազատության հրապարակում մասնակցել է Շանթ Հարությունյանի ակցիաներին։ Ծնողների հավաստմամբ՝ Շանթի հետ կապ չի ունեցել, ազատամարտիկ Վարդան Վարդանյանն է պատերազմի տարիներին եղել մարտական ընկերն ու հրամանատարը։

Նոյեմբերի 5-ին ընտանիքը տեսանյութերում է տեսել Հայկին ձերբակալելու պահը: «Երբ իրեն ձերբակալում էին, ես տեսա, լսեցի, որ ոստիկաններին ասեց՝ ձեռքերդ քաշի իմ գրպանից։ Հետո որ այնտեղ երեխա էին ծեծում, թե ինչ, ինքն ասեց՝ տղերք էդ ի՞նչ եք անում, ախր երեխա է, ինձ տանում եք՝ տարեք, էդ երեխուն բաց թողեք... հասկանո՞ւմ եք, իրենք էլ չհասկացան ինչ եղավ», -պատմեց Լաուրա Պետրոսյանը՝ ընդգծելով, որ իրենց համար անընդունելի է նաև Հայկ Հարությունյանին և մյուսներին առաջադրված խուլիգանության մեղադրանքը. - «Բացառվում է. բոլորը ջոկած, կարգին, ազնիվ, մաքուր տղաներ են»:

Իշխանության ներկայացուցչի դեմ բռնության մեղադրանքների վերաորակումը Հայկ Հարությունյանի հարազատները մեղմացում չեն համարում: «Այն ժամանակ հոդվածը նախատեսում էր 5-10 տարի, հիմա 4-7, բայց ի՞նչ գիտեք, ում ինչ են տալու», - նշեց մայրը։

«Ես այստեղ քրեական հանցանք չեմ տեսնում, սա զուտ քաղաքական գործողություն է, որն իշխանությունների կողմից համեմված է սադրանքով, որպեսզի խուլիգանության պիտակ կպցնեն տղաների վրա և ժողովրդի ակտիվ մասսան մեկուսացնեն», - ընդգծեց Հակոբ Հարությունյանը։

Նոյեմբերի 5-ի գործի նախաքննությունն ավարտվել է, ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքները բոլորը փոխարինվել են խուլիգանության և այլ հոդվածներով։
XS
SM
MD
LG