Մատչելիության հղումներ

​Ռուսաստանում ուկրաինացիների նկատմամբ հակասական զգացմունքներ են


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Ժողովրդական ճակատի ակտիվիստների հետ, Նովո-Օգարյովո, 10-ը ապրիլի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Ժողովրդական ճակատի ակտիվիստների հետ, Նովո-Օգարյովո, 10-ը ապրիլի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Համառուսաստանյան ժողովրդական ճակատի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե Ղրիմը Դաշնությանն է միացրել այն բանից հետո, երբ պարզել է, որ մարդիկ դրան հավանություն են տալու։

«Ես վերջնական որոշումներս ընդունեցի, երբ հայտնի դարձան մարդկանց տրամադրությունները, մենք չէինք նախապատրաստվում իրադարձությունների այդպիսի ընթացքին։ Անկեղծ ասաց, մենք կարող էինք ենթադրել, թե ինչպես են մարդիկ տրամադրված, բայց հաստատ դա չգիտեինք, և միայն առաջին` գաղտնի անցկացրած հարցումների արդյունքներից, որոնք մոտ էին իրականությանը, վերջնականապես պարզ դարձավ, որ ճիշտ կեցվածք ենք ընտրել», - ասել է Պուտինը։

Մինչդեռ, Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքերը վկայում են, որ վերջին իրադարձություններից հետո ռուսաստանցիներն ուկրաինացիների նկատմամբ հակասական զգացմունքներ են տածում։

Ուկրաինայի հանդեպ բացասական վերաբերմունք ունի բնակչության 58, իսկ դրական` 47 տոկոսը։ Ռուսաստանցիների 21 տոկոսը ուկրաինացիների նկատմամբ ունի համակրանք, 20 տոկոսը` հարգանք, 7 տոկոսը` վստահություն և 6 տոկոսը` կարեկցանք։ 15 տոկոսը պարզապես անտարբեր է, ընդ որում՝ այդ խմբում առավել մեծ է երիտասարդների թիվը։

92 տոկոսը դեմ չէ, որ ուկրաինացիներն իբրև զբոսաշրջիկներ այցելեն Ռուսաստան, 88 տոկոսը դեմ չէ ուկրաինացիների հետ ապրել նույն փողոցում, 92 տոկոսը դեմ չէ, որ ուկրաինացին հաճախի այն խանութները, ռեստորանները և կինոթատրոնները, որոնք ռուսաաստանցին է հաճախում։

Հարցվածների 76 տոկոսը պատրաստ է գնալ բժշկի մոտ՝ իմանալով, որ բժիշկն ուկրաինացի է, 70 տոկոսը պատրաստ է ուկրաինացուն իր ընտանիքի անդամ տեսնել, 66 տոկոսը պատրաստ է աշխատել ուկրաինացի ղեկավարի հետ։

Հարցման արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիների գրեթե կեսը` 45 տոկոսը գոնե մեկ անգամ եղել է Ուկրաինայում։ Այդ մարդկանց թվում են նախևառաջ մոսկվացիներն ու սանկտպետերբուրգցիները, որպես կանոն` ավագ սերնդի և լավ եկամուտով մարդիկ։

Ուկրաինա մեկնողների 46 տոկոսի նպատակը զբոսաշրջությունն է, 44 տոկոսն ազգականներին է այցելում։

Հարցվածների 54 տոկոսն էլ ասել է, որ երբևէ չի եղել Ուկրաինայում։

Այս հարցումը Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնն անցկացրել է մարտի վերջին` Ռուսաստանի Դաշնության 42 սուբյեկտների 130 բնակավայրերում։

Հարցմանը մասնակցել է 1600 մարդ, վիճակագրական անճշտությունների չափը 3.4 տոկոսի չի հանում։

Կենտրոնը ավելի վաղ` մարտի 15-ին անցկացրել է մեկ այլ հարցում, որի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների գերիշխող մեծամասնությունը` 93 տոկոսը, դրական է համարել Ղրիմի միացումը, 4 տոկոսը` բացասական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG