Մատչելիության հղումներ

Հետաքննություն. Էրդողանը Օբամային դրդում էր Սիրիայի դեմ հարձակման


Օբաման և Էրդողանը համատեղ ասուլիսում, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2013
Օբաման և Էրդողանը համատեղ ասուլիսում, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2013
Թուրքական կառավարությունն ամեն կերպ փորձում էր ստիպել Միացյալ Նահանգներին ռազմական հարձակում սկսել Սիրիայի դեմ, բրիտանական London Review of Book’s հանդեսում նման սենսացիոն բացահայտմամբ է հանդես եկել հայտնի ամերիկացի հետաքննող լրագրող, պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը:

Իր ծավալուն հոդվածում նա մանրամասն ներկայացնում է 2013 թվականի օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցած քիմիական հարձակմանը նախորդած և հաջորդած դեպքերը՝ պնդելով, որ անցած տարվա աշնանը Մերձավոր Արևելքը հրաշքով խուսափեց լայնածավալ պատերազմից:

Հերշի պնդմամբ՝ արևմտյան պետություններին պատերազմական գործողությունների էր մղում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նպատակն էր «Սիրիայում Թուրքիային ենթակա պետության ձևավորումը»:

Ամերիկացի լրագրողի խոսքով՝ թուրքական կառավարությունը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ակտիվորեն աշխատում էր սիրիացի ծայրահեղականներ, մասնավորաբար, Ալ-Քաիդայի հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ Ան-Նուսրա» խմբավորման հետ:

«Թուրքական հետախուզությունը` MIT-ը, զբաղված էր իսլամիստների հետ քաղաքական կապերի ամրապնդմամբ, իսկ թուրքական ռազմական ոստիկանությունը զբաղվում էր նրանց ենթակառուցվածքային խնդիրներով, մարզում էր զինյալներին, սովորեցնում՝ ինչպես կիրառել տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ քիմիական զենքը»,- Հերշին փոխանցել է ամերիկացի պաշտոնաթող հետախույզներից մեկը:

Որպես հետևանք՝ 2013-ի գարնանն արդեն Հալեպի մերձակայքում քիմիական հարձակումներ արձանագրվեցին, որոնց իրական հեղինակները, Հերշի խոսքով, արևմտյան հետախուզական հանրությանը հայտնի էին:
«Ձեռքի տակ ունենք 2013-ի հունիսին գրված մեկ զեկույց և առնվազն ևս 5-6 զեկույց` թվագրված գարնան ամիսներով: Դրանցում հստակ նշված է զարին գազի կիրառման շուրջ կապված վտանգների մասին և [այդ հարձակումներում] թուրքական ներգրավվածության մասին»,- նշում է Հերշը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ամերիկացի լրագրողի խոսքով՝ պաշտոնական Անկարան 2013-ի գարնանը ակտիվորեն փորձում էր համոզել նախագահ Օբամային` ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ` ասելով, թե քիմիական հարձակումների հետևում Բաշար Ասադի վարչակազմն է: Մայիսի 16-ին Սպիտակ տանը կայացած ճաշկերույթի ժամանակ թուրքական և ամերիկյան պատվիրակությունների միջև կրքերն այս առթիվ նույնիսկ թեժացել էին:

«Էրդողանը մատ էր թափ տալիս նախագահի վրա Սպիտակ Տան ներսում»,- նկարագրելով այդ օրվա քննարկումները՝ Հերշին պատմել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Թոմ Դոնիլոնը:

2013-ի օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած հարձակումից հետո սակայն թուրքերի երազանքը կարծես իրականություն էր դառնում:

«Հարձակումից մի քանի օր անց Օբաման հրահանգում է կազմել Սիրիայում գտնվող այն թիրախների ցանկը, որոնք պետք է ենթարկվեին հրթիռակոծման: Առաջին նման ցանկը Սպիտակ Տնից հետ ուղարկվեց Պենտագոն` պատճառաբանությամբ, թե այն բավականաչափ ցավոտ հարված չի նախատեսում Ասադի ռազմական կառույցի համար: Հետագա օրերին ցանկը գնալով մեծանում էր, հստակեցվել էր նաև հարձակման օրը` 2013 թվականի սեպտեմբերի 2-ը»:

Վերջին պահին, սակայն, Ռուսաստանի ռազմական հետախուզությունը կարողանում է ապացույցներ հայտնաբերել, որոնք վկայում են, որ օգոստոսի 21-ի քիմիական հարձակումն իրագործել էին ընդդիմադիրները: Այդ ապացույցները ռուսները փոխանցում են բրիտանացի զինվորականներին, որոնք հետազոտում են դրանք «Փորթոն Դաուն» ռազմական լաբորատորիայում:

«Դա զուտ ռուսներից ստացված տեղեկատվություն չէր: Այդ տեղեկությունները Միացյալ Նահանգներ էին փոխանցվել բրիտանական հրամանատարության և հետազոտությունների արդյունքների միջոցով: Հետագայում այդ բոլոր փաստերը ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի հրամանատարը դրել էր նախագահի սեղանին»,- նշում է Հերշը:

Ի դեպ, ամերիկացի հետազոտողը նշում է, որ 2013-ի աշնանը Միացյալ Նահանգների հետախուզությունն իր սեփական հետաքննություն է անցկացրել` փորձելով պարզել Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների իրական դրդապատճառները:

«Այժմ մեզ համար հստակ է, որ սա Էրդողանի կողմից ծրագրված գաղտնի գործողություն էր: Դրա նպատակն էր դրդել Օբամային հատելու «կարմիր գիծը»»,- Հերշին է փոխանցել իր աղբյուրներից մեկը։
XS
SM
MD
LG