Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը այս տարի Հայաստանում 4.3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում


Արժույթի միջազգային հիմնադրամը շուրջ կես տոկոսով նվազեցրել է Հայաստանի կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Հիմնադրամի հրապարակած World Eceonomic Outloook զեկույցի համաձայն, որը ներկայացնում է մոլորակի տնտեսական զարգացման կանխատեսումը, Հայաստանի տնտեսությունը այս տարի կաճի 4.3 տոկոսով, մինչդեռ, անցած տարվա հոկտեմբերին հիմնադրամի հրապարակած նույնանուն զեկույցը կանխատեսում էր, որ հայաստանյան տնտեսությունը կաճի 4.8 տոկոսով:

Հայաստանի պետբյուջեով նախատեսվում է այս տարի ունենալ 5.2 տոկոս տնտեսական աճ:

Հիմնադրամի փորձագետների ներկայացմամբ, ուկրաինական ճգնաժամը ավելացրել է Ռուսաստանի տնտեսության առջև կանգնած խնդիրները, բացասաբար ազդելով այդ երկրի տնտեսական իրավիճակի վրա, ինչն էլ իրեն հերթին բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա:

«Անգամ եթե մի կողմ թողնենք [Ռուսաստանի նկատմամբ կիրառվող] պատժամիջոցները, թույլ տնտեսական աճը Ռուսաստանում և Ուկրաինայում կարող է միջնաժամկետ հեռանկարում զգալի ազդեցություն ունենալ հարևան երկրների վրա»,- ասվում է զեկույցում:

«Կարծում եմ՝ այս վերանայումների հիմքում դրված են անցած տարվա ընդհանուր միտումները, անցած տարվա տնտեսական աճի իրական գնահատականը․ հիշում ենք՝ անցած տարի Ռուսաստանը ամփոփեց 1.3 տոկոսով, Հայաստանը՝ 3.5 տոկոսով», - մեկնաբանում է Կենտրոնական բանակի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, վստահություն հայտնելով, որ առաջիկա զեկույցներում ավելի ցածր ցուցանիշներ են լինելու:

Անցած տարի Հայաստանում արձանագրվեց 3.5 տոկոս աճ, թեև Հայաստանի նախագահը կառավարությունից պահանջել էր ապահովել 7 տոկոսանոց աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը սպասում էր 4.6 տոկոս:

Այն, որ Ռուսաստանում տնտեսական իրադրության վատթարացումը արդեն իսկ սկսել է բացասական ազդեցություն թողնել Հայաստանի վրա, վկայում են Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած թվերը, որոնց համաձայն՝ քաղաքացիների կողմից Ռուսաստանից ուղարկած դրամական փոխանցումները այս փետրվարին նվազել են՝ 2013-ի փետրվարի համեմատ: Նշենք, սակայն, որ նվազումը մեծ չէ՝ ուղարկել են 103.7 միլիոն դոլար՝ 105.8 միլիոն դոլարի փոխարեն, սակայն փաստ է:

«Փետրվար-հունվարը մեր տնտեսության համար բոլոր առումներով մեռյալ ամիսներ են, բայց շուտով մտնելու ենք հունիս, օգոստոս տրասնֆերտների պիկային ամիսն է լինելու: Ես կարծում եմ այդ ժամանակ մենք ավելի լուրջ, ավելի բարդ և ծանր դրսևորումներ կտեսնենք», - մեկնաբանեց Ասատրյանը:
XS
SM
MD
LG