Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը գերի Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին


Գերիների փոխանակում, արխիվ

Գերիների փոխանակում, արխիվ

Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գտնվող գերի Արսեն Խոջոյանն այսօր տեղափոխվեց Հայաստան։

Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին գերին Իջևանի հիվանդանոցի ճանապարհին է։

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բժշկական զննությունից հետո կարելի է խոսել Արսենի առողջական վիճակի մասին։ Այն հարցին, թե երիտասարդը հասցրել է պատմել, թե ինչպե՞ս են վարվել իր հետ սահմանի այն կողմում, ենթարկվե՞լ է բռնությունների, թե՞՝ ոչ, Կապրիելյան նշեց, որ դրա մասին կխոսեն ավելի ուշ։

«Առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Միայն բժշկական հետազոտությունից հետո կարող ենք խոսել այդ մասին»,- ասաց Կապրիելյանը։

Հիշեցնեմ, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ադրբեջանական կողմում էր հայտնվել այս տարվա մարտի 7-ին։ Գյուղապետ Կարո Չոբանյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ երիտասարդը ոչխար է արածեցրել արոտավայրում, և չի բացառվում, որ սահմանի այն կողմում հայտնված լինի մառախուղի պատճառով։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանական կողմի հետ հարցաքննության ժամանակ Խոջոյանը պնդել է, որ սահմանն անցել է պատահաբար ոչխար արածեցնելիս։

Խոջոյանը նույն գյուղի բնակիչ, ավելի վաղ՝ այս տարվա հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է։ Ծերունին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո մարտի 4-ին վերադարձվեց Հայաստան՝ խոշտանգված վիճակում:
XS
SM
MD
LG