Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այլևս երբեք չի առաջադրվելու երկրի ղեկավարի պաշտոնում


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:

Նկատի ունենալով, որ հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

Նա նաև պաշտոնապես հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնի համար, իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրվի պառլամենտական կառավարման մոդելը, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG