Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի օրակարգում «այս պահին կոալիցիա մտնելու հարց չկա»


Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը Աբովյանում՝ եկեղեցու բացման արարողության ժամանակ, արխիվ

Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը Աբովյանում՝ եկեղեցու բացման արարողության ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) օրակարգում կոալիցիոն կառավարություն մտնելու հարց չկա, այս մասին ի պատասխան «Ազատության» հարցի այսօր վստահեցրեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Այս պահին նման հարց չկա»,- ասաց Մարգարյանը։

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հորդորել էր խորհրդարանական քառյակին ոչ մի պարագայում խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ և նրա կողմից ձևավորված որևէ կառավարության մաս չկազմել, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Տեր-Պետրոսյանը զգուշացրել էր, որ Սերժ Սարգսյանն այժմ ընդամենը փորձելու է հանրային դժգոհության ալիքը մեղմել, և ընդդիմությանը պաշտոններով գայթակղելով ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելով, ժամանակ շահել՝ սեփական դիրքերը ամրապնդելու և իր իշխանությունը երկարաձգելու համար:

Քառյակի՝ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունների ընդմիջման ժամանակ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահեցրեց, իրենք երբեք խաղերի մեջ չեն մտնի:

«Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել երբեք և չենք մտնի, խաղը վատ բան է»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ին չեն առաջարկել կոալիցիա մտնել։

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը այսօր ավելի քան երեք ժամ քննարկել են այն հարցը, թե ինչ պետք է անի քառյակը ստեղծված իրավիճակում: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խոսում են ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, մինչդեռ Դաշնակցությունն ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն առայժմ նման հայտարարություն չեն արել:

Քառյակն այսօրվա երկարատև հանդիպման ընթացքում որոշում չի կայացրել: Ինչպես երեք ժամ տևած քննարկումներից հետո տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ոչ իշխանական ուժերը ընդմիջում են հայտարարել՝ հաշվի առնելով Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառումը, այդ կերպ հնարավորություն ընձեռելով քննարկումներին մասնակցող «Ժառանգության» պատվիրակությանը մասնակցել այդ միջոցառմանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր ավելի ուշ ոչ իշխանական ուժերը կրկին կհավաքվեն, և չի բացառվում, որ հետաքրքիր զարգացումներ լինեն:

Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է բացառել, որ քառյակի որևէ անդամ իշխող Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի, խոսքը տվյալ դեպքում Դաշնակցության և ԲՀԿ-ի մասին է, Զուրաբյանն ասաց.- «Ես ոչ մեկի անունից չեմ ցանկանում խոսել, բայց ես վստահ եմ, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին»։

Ի դեպ, Զուրաբյանը տեղեկացրեց, որ այսօր քառյակը քննարկման առարկա է դարձրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկները: Հայաստանի առաջին նախագահը ընդդիմությանը առաջարկել էր կա՛մ շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման միջոցով տապալել կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Կան տարբեր դիրքորոշումներ, տարբեր մարտավարություններ, և մենք հիմա փորձում նք ստեղծել միասնական մարտավարություն»,- ասաց Զուրաբյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քառյակը քննարկո՞ւմ է ապագա կառավարության կազմավորման հարցը, Լևոն Զուրաբյան ասաց, թե նման հարց չեն քննարկում և հետո պարզ կլինի, թե ինչու: Ի դեպ, նոր վարչապետի նշանակման հարցը քննարկելու նպատակով վաղը Սերժ Սարգսյանը խորհրդակցություն պետք է անցկացնի Դաշնակցության հետ: Ինչպես տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը, Սերժ Սարգսյանը խորհրդակցության է հրավիրել նաև Հայ ազգային կոնգրեսին:

«Առաջարկ եղել է և կլինի պատասխան, հանդիպման կոնկրետ ժամկետի մասին խոսակցություն չի գնացել, եղել է առաջարկ հանդիպելու մասին։ Ես, իհարկե, կարող եմ միանգամից պատասխանել, բայց եղել է պաշտոնական առաջարկ, դրան պետք է լինի պաշտոնական պատասխան։ Պաշտոնական պատասխան կարող է լինել միայն խմբակցության լիազոր նիստի գումարումից հետո»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
XS
SM
MD
LG