Մատչելիության հղումներ

Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում թեժանում է


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ

Էրդողանը փաստացի պատերազմ է հայտարարել ընդդիմադիր ուժերին, իսկ ընդդիմադիր գործիչը վարչապետին գող է անվանում:

«Գողերի տեղը բանտն է, այլ ոչ թե նախագահականը», - այսպես արձագանքեց Թուրքիայի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի` «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի քաղաքական դաշտում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկություններին, թե մոտ ապագայում վարչապետ Ռեջեփ Էրդողանը կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների մարտի 30-ին կայացած ընտրություններից հետո ոչ միայն չհանդարտվեց, այլև գնալով ավելի է թեժանում:

Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանի շենքում հարձակման ենթարկվեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ընդդիմության առաջնորդին հարվածած անձը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքային անդամ Օրհան Օվեթն էր: Ազգային մեծ ժողովի շենքը հսկող ոստիկանները Օվեթին արագորեն վնասազերծեցին: Մի քանի ժամ անց էլ հայտնի դարձավ, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ Օվեթը հայտարարել է․ - «Իմ հարձակման գլխավոր պատճառը Քըլըչդարօղլուի նախընտրական ելույթներն էին»:

Թուրքական մամուլը նկատում է, որ ընդդիմության ղեկավարի դեմ հարձակման և աստիճանաբար մեկնարկող նախագահական ընտրարշավի ֆոնին վարչապետ Էրդողանը ոչ միայն չի ցանկանում թուլացնել քաղաքական դաշտում տիրող լարվածությունը, այլև ավելի է այն խորացնում: Երկու օր առաջ Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետը փաստացի պատերազմ հայտարարեց ընդդիմադիր ուժերին:

«Մենք չեն պատրաստվում մոռանալ, թե ինչպես էին ընդդիմադիր կուսակցությունները հանդես գալիս պետությանը զուգահեռ գործող կառույցների վարձկանի դերում: Նրանց այդ դավաճանությունը մենք հաստատ չեն ներելու», - հայտարարում էր էրդողանը՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իր և իր շրջապատի դեմ հարուցված բոլոր կոռուպցիոն մեղադրանքների հետևում կանգնած է կրոնական «Հիզմեթ» շարժումն ու դրա ղեկավար Ֆեթհուլլա Գյուլենը:

«Այդ զուգահեռ կառույցների գլխավոր զբաղմունքը շանտաժն ու սպառնալիքներն են: Ես չեմ պատրաստվում անտարբեր լինել այդ կառույցների լրտեսական ակտիվության հանդեպ ոչ երկրի ներսում, ոչ էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Ընտրություններից հետո իմ առաջին այցի ընթացքում Բաքու ես այս հարցը քննարկել եմ նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», - հայտարարեց Էրդողանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում մի քանի օր առաջ ի հայտ եկած տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևին է ներկայացրել «Հիզմեթ» շարժման ադրբեջանցի բարձրաստիճան հետևորդների ցանկը: APA գործակալության վկայությամբ՝ Էրդողանը Ալիևին զգուշացրել է, որ կրոնական այդ կազմակերպության անդամները փորձում են ընդհատակյա ցանց ստեղծել Ադրբեջանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG