Մատչելիության հղումներ

Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից, վրան տեղադրելու փորձ կատարած «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի գործը մտավ դատաքննության փուլ։

Այսօր վարչական դատարանում նախնական դատական նիստի ժամանակ Կիվիրյանի ներկայացուցիչները պնդեցին իրենց հայցը՝ պահանջելով ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ։ Ոստիկանությունն իր հերթին դատարանից պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Կիվիրյանին՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց անցած տարվա օգոստոսին բողոքի ակցիա անցկացնողներին էր միացել նաև Կիվիրյանը՝ փորձելով այդտեղ վրան տեղադրել։ Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, Կիվիրյանի պնդմամբ, խոչընդոտել էին, կարգադրել չտեղադրել վրանը, հետո էլ տարել ոստիկանություն։

Դատարանում Կիվիրյանի պաշտպանները հայտարարեցին, որ նրան ոստիկանություն են տարել ապօրինի կերպով՝ նախատեսված մինչև 3 ժամի փոխարեն ոստիկանությունում պահել 3.5 ժամ։

Պաշտպանները դատարանին ներկայացրեցին այդ օրվա լրահոսից քաղվածքներ, ինչպես նաև տեղի ունեցածի վերաբերյալ «Ազատության» տեսախցիկի նկարահանած ավելի քան մեկ ժամ տևողությամբ տեսանյութը։

Կիվիրյանի պաշտպանները միջնորդեցին նաև վկա կանչել այդ օրվա ականատեսներին, դատարան ներկայացնել վրանը, որը գտնվում է ոստիկանությունում։

«Ազատության» հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ ակնհայտորեն այս գործը վկայում է ոստիկանության ապօրինի գործողությունների մասին, երբ իրավապահ համակարգը փորձում է արդարացնել իր հրամանները՝ սահմանափակելով մարդու ազատությունների իրականացումը։
Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ իր գործողություններում անօրինական ոչինչ չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG