Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ քաղաքացիությունը գերադասում են՝ «ապահովության և աշխատանքի համար»


Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար ռուսերենի իմացության բավարար մակարդակը պարտադիր պայման է, որը ստուգվում է հատուկ գրավոր և բանավոր քննության միջոցով։

Քննությունը անցկացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ ամիսը մեկ անգամ։ Ինչպես «Ազատությանը» տեղեկացրին բուհից, քաղաքացիություն ստանալու համար ամեն ամիս այստեղ քննություն է հանձնում միջինը 30 մարդ։ Ստացվում է տարեկան մոտ 360 հայաստանցի փորձում է ստանալ ՌԴ քաղաքացիություն։

Այսօր նրանք բանավոր քննություն էին հանձնում։ Քանի որ Ռուսաստանում երկքաղաքացիության մասին օրենք չկա, ուստի Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերող հայաստանցին պարտավոր է հրաժարվել ՀՀ անձնագրից։ Ինչո՞ւ են հայաստանցիները նախընտրում Ռուսաստանի քաղաքացի դառնալ։

«Ուղղակի կենցաղային խնդիրները լուծելու մասին ենք մտածում, ստիպված ենք, ոչ ոք չի ուզում լքել իր հայրենիքը և գնալ։ Ես պարտադիր չէ, որ հեռանամ Հայաստանից, ուղղակի ապահով լինելու համար...»,- փոխանցեց այսօր քննություն հանձնողներից մեկը։

«Իմ ծնողները էնտեղի քաղաքացի են, ես էլ որոշեցի դառնալ Ռուսաստանի քաղաքացի, որովհետև բոլորս հասկանում ենք՝ Ռուսաստանում ավելի մեծ է հնարավորությունը՝ աշխատելու, ապրելու։ Էս պահին ճիշտ է՝ ես ուզում եմ դառնալ քաղաքացի, բայց իմ երեխաները այստեղ դպրոց են հաճախում, իմ ընտանիքը այստեղ է, բայց ինչպես ասում են бережёного бог бережёт... ստեղ դժվար է ապրել, աշխատանք գտնել, մեր օգնությունը դրսից է, եթե չլինեն մեր ծնողները, մեր հորեղբայրները, գումարներ չուղարկեն, ստեղ շատ դժվար է։ Աստծուն փառք, ուղարկում են, ապրում ենք, բայց ուզում ենք վաղը-մյուս օրը մենք էլ մեր էրեխեքի համար կարողանանք մի բան ստեղծել, այլ ոչ թե գնանք, փոքր գումարներ ուղարկենք։ Ուզում ենք, որ ապահովված լինենք, Ռուսաստանը էսօր էդ շանսը մարդկանց տալիս է»,- ասաց մեկ այլ քննություն հանձնող։

Անկախ քաղաքացիություն ունենալ-չունենալուց, օրենքի խստացումներից ու փոփոխություններից խոպանչիները շարունակում են մեկնել։ Շատերը նախընտրում են Ռուսաստան հասնել ավելի էժան տարբերակով՝ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով։

«Ազատության» զրուցակիցները ասացին, որ Հայաստանում աշխատանք ունենալու պարագայում չէին մեկնի, հիմա ստիպված հեռանում են։ Շատերը մեկնում են նաև ընտանիքներով։

Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումների մասին հայտարարություններ Երևանում հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի։ Մի քանի տուրիստական գործակալությունների տվյալներն ամփոփելով ստացվում է, որ միայն Երևանից օրական միջինը 250-300 մարդ ավտոբուսով մեկնում է Ռուսաստան՝ հիմնականում արտագնա աշխատանքի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի կողմից միգրանտների մուտքի խստացումից հետո մոտ 220 հազար հայաստանցի հայտնվել կամ հայտնվելու են միգրացիոն ծառայության սև ցուցակում ու 3-5 տարով արգելվելու նրանց մուտքը Ռուսաստան։
XS
SM
MD
LG