Մատչելիության հղումներ

Հայաստանում մտահոգված են Россия-1-ի և Первый канал-ի հաղորդումների կապակցությամբ


Դմիտրի Կիսելյովը վարում է «Вести недели» հաղորդումը, արխիվ

Դմիտրի Կիսելյովը վարում է «Вести недели» հաղորդումը, արխիվ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ Россия-1 և Первый канал հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում «բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով»:

«Նշված երևույթն առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայի շուրջ վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում»,- ասված է պլատֆորմի տարածած հայտարարության մեջ:

Պլատֆորմի անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց.- «Նշված ռուսաստանյան հեռուստաընկերությունները իրենց քարոզչությամբ, որն իր մեջ այլատյացություն է պարունակում, խախտում են ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, այդ թվում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և այն միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է Հայաստանը»։

Պլատֆորմը համարում է, որ ռուսական հեռուստաալիքների նման հաղորդումները նաև մեծ վնաս են հասցնում Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում են հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները, Россия-1 և Первый канал հեռուստաալիքները գործում են Հայաստանի ազգային շահերին հակառակ, հայտարարում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը։

Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ հասարակական կազմակերպությունները իշխանություններից պահանջում են դիտարկել Россия-1 և Первый канал հեռուստաալիքների գործունեության օրինականությունը՝ ելնելով միջպետական համապատասխան պայմանագրերից, ինչպես նաև վերանայել այդ պայմանագրերը և, այլատյացության և ազգային հիմքով ատելության քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել ազգային հեռարձակման ցանցով նշված երկու հեռուստաալիքների տարածումը և ազատված հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի:

Հայտարարության հեղինակները հատկանշական են համարում Ռուսաստանի մամուլի դեմ բողոքների հարցերով հանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան Россия-1 հեռուստաալիքի «Вести недели» հաղորդաշարի անցած տարվա դեկտեմբերի 8-ի թողարկման և այդ հաղորդման մեկնաբան Դմիտրի Կիսելյովի դեմ Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան բողոքարկվող սյուժեն բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» և «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։

Պատահական չէ, նկատում են պլատֆորմի անդամները, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց» ցուցակում. ռուսաստանյան հեռուստաալիքների, մասնավորապես ագրեսիվ քարոզչություն իրականացնող և դրանով իսկ հասարակական կարծիքը գաղափարական «մշակման» ենթարկող տեղեկատվական և քաղաքական հաղորդումների կասեցման հարցը դրվում է Արևելյան գործընկերության և Եվրամիության մի շարք երկրներում։

Ի դեպ, դեռ մարտ ամսին Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն էր հայտարարել, որ Հայաստանում վերահեռարձակվող ռուսական հեռուստաալիքները ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից են, եթե ոչ ամենահիմնականը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG