Մատչելիության հղումներ

Քառյակը պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու օրենք կնախաձեռնի


Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները շարունակում են աջակցությունը պարտադիր կուտակայինի դեմ պայքարողներին:

Հայաստանի Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հայտարարությամբ են հանդես եկել՝ վստահեցնելով, որ շարունակելու են աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին, և հայտնելով, որ առաջիկա օրերին հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ՝ օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու և քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

Հայտարարության հեղինակները իշխանություններից պահանջում են դադարեցնել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները և դրանց հիման վրա դրսևորվող վարքագիծը, ենթաօրենսդրական ակտերում արագ իրականացնել փոփոխություններ՝ «1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաև 2014 թվականի հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար»:

«Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունները իշխանություններից պահանջում են նաև «խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում»:

Հայտարարության հեղինակները կոչ են անում գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում և փոխանցում չկատարել, 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ «եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև», գործատուների միություններին և արհմիություններին՝ «պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում», Հայաստանի բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ «համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին»:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա ապրիլի 2-ին հրապարակած որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարգային մոտեցումները, օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

«Միևնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով», - նշված է հայտարարությունում:

«Այսպիսով, մի կողմից Սահմանադրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը: Ակնհայտ է նաև, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից և միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձևափոխված և իբր Սահմանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG