Մատչելիության հղումներ

Վեհաժողովի լիագումար նիստում բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու վաղը:

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում Ռուսաստանին վերաբերող բանաձևը, ամենայն հավանականությամբ, ավելի մեղմ կլինի, քան ակնկալվում էր:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլթերը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունների, մասնավորապես՝ Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու պատճառով պատժամիջոցներ կիրառել, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը զրկել լիազորություններից:

Սակայն երեքշաբթի օրը ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովը հավանություն է տվել մեկ ուրիշ՝ ավելի մեղմ պատժամիջոցի, որը ներկայացրել է դանիացի պատգամավոր Միխայել Յենսենը: Այս բանաձևի նախագծով՝ Ռուսաստանի պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկվում է մինչև այս տարվա վերջ:

Ռուսաստանի պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, թե պատժամիջոցի մեղմ տարբերակին հասել են ազգային պատվիրակությունների հետ Ռուսաստանի բավական հաջող աշխատանքի շնորհիվ: Նա նշել է, որ Մոնիթորինգի հանձնաժողովում ավելի մեղմ տարբերակին կողմ են քվեարկել հանձնաժողովի 29 անդամներ, դեմ՝ 14-ը:

ԵԽԽՎ-ի լիագումար նիստում բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու հինգշաբթի օրը:

Սակայն Ռուսաստանի հանդեպ ավելի խիստ բանաձև ընդունելու կողմնակիցների համար ամեն ինչ վերջացած չէ: Իրենց առաջարկները նրանք կարող են ներկայացնել որպես փաստաթղթի լրացում և դնել ԵԽԽՎ-ի լիագումար նիստի քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG