Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը Մոսկվայում հանդիպել է Պատրուշևի հետ


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև, արխիվ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն՝ Բաղդասարյանի և Պատրուշևի առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները նրանց զեկուցել են ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:

Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը աջակցության և խնդրի կարգավորման համար:

Որոշում է կայացվել շարունակել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` առկա և առաջացող խնդիրների կանոնակարգման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել է անցած տարվա հունիսին Պատրուշևի Հայաստան կատարած այցի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման ընթացքը: «Կայացած քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց հայ - ռուսական համագործակցությանը ռազմատեխնիկական, խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման և օգտագործման, հայ - ռուսական հումանիտար և պետական ռեզերվների համատեղ կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ուղղություններին վերաբերող հարցերին», - ասված է հաղորդագրությունում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում ստորագրվել են Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպման արդյունքներով արձանագրությունը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2014-2015 թվականների համագործակցության պլանը, երկու երկրների միջև միգրացիայի ոլորտում հետագա համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ հուշագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG