Մատչելիության հղումներ

Կապանի դատարանում իրավապահները փաստի առջև են կանգնել․ բանակում մահացած զինվոր Սարգիս Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչների պնդմամբ, դատարանում փլվում է ինքնասպանության վարկածով մեղադրանքը:

Ինքնասպանության վարկածի շարժառիթն, ըստ մեղադրական եզրակացության, եղել է այն, որ Սարգիս Սահակյանն, իբր, թաքուն «Սնիկերս» է կերել՝ չկիսելով ծառայակից ընկերների հետ, և դրա պատճառով էլ նրան հայհոյել են, ամոթանք տվել և հասցրել ինքնասպանության:

2012 թվականի նոյեմբերի 5-ին 19-ամյա Սարգիս Սահակյանը մեկ տարի էր ծառայել, երբ ծնողներն իմացան, որ որդին մահացել է Մեղրիի Ծիրանաձորի հենակետում: Նախաքննական մարմինը միանգամից առաջ քաշեց ինքնասպանության վարկածը, ծնողները միանգամից բացառեցին դա։ Հայրը՝ Սեյրան Սահակյանը, դեպքից ժամեր անց «Ազատության» հետ զրույցում կտրուկ հերքում էր նախաքննական մարմնի պնդումը, թե Սարգիսն ինքնասպան է եղել՝ անհնարին համարելով դա։

Լեյտենանտ, դասակի հրամանատար Գոռ Մարգարյանը, որն ավելի վաղ մեղադրվել էր անգործության մեջ, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, դատարանում ցուցմունքներ է տվել որպես վկա: Նա իր նախաքննական ցուցմունքների հակառակ պնդումները դատարանում բացատրել է ճնշումների հանգամանքով.- «Ասել են՝ քեզ կդատենք, էրեխեդ ու կնիկդ կմնան անտեր»։

Իրենց մեղքը չընդունող երկու ամբաստանյալներից մեկի՝ Արտաշես Խաչատրյանի պաշտպան Ապրեսյանը դատարանում փորձել է վկայից ստանալ պատասխան, թե իսկապե՞ս Սարգիս Սահակյանն ինքնասպանության է դիմել իրեն հայհոյանք հասցեագրելու համար։ Վկան ասել է՝ նման բան չի եղել։

Վկան մեղադրող Գագիկ Մայիլյանին դատարանի դահլիճում այսպիսի խոսքերով է դիմել.- «Պարոն դատախազ, Դո՞ւք չէիք, որ անընդհատ ասում էիք՝ ցուցմունքդ չփոխես։ Հիմա փոխեցի, հա՛, ես ճիշտն եմ ասում»։

Դատարանում վկաների ճնշումների պնդումները հաստատվում են դատական նիստերի ձայնագրառումով։

Դատական այդ նիստին ներկա է եղել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Նրան տանում և փակում են մեղադրողների սենյակում շուրջ երկու ժամ, և այնտեղ կարգում են Ռազմական ոստիկանության աշխատակիցների, որոնք պետք է պարտադրեին Գոռ Մարգարյանին, որպեսզի նա նորից կրկներ իր նախաքննական ցուցմունքները։ Սա աննախադեպ երևույթ է՝ դատարանի շենքում անազատության մեջ պահել վկային շուրջ երկու ժամ»,- ասաց Ալեքսանյանը։

«Քննիչներն են հորինել»

Գոռ Մարգարյանն, ի դեպ, դատարանին միջնորդել է իր նկատմամբ պաշտպանական միջոց կիրառել: Մեկ շաբաթ առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատական նիստի ժամանակ հրապարակել են Գոռ Մարգարյանի՝ փաստաբանական հարցմանն ի պատասխան տված ցուցմունքները:

«Դեպքի օրվանից սկսած քննիչները և Ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, թե իբր ․․․ Ս. Սահակյանին փչացրել եք, չաթլախացրել եք և այդ պատճառով էլ Ս. Սահակյանը ինքնասպան է եղել»:

Վկան պնդել է, թե այդ հայհոյանքը և ինքնասպանության վարկածը հորինել են քննիչները:

Վկաների նկատմամբ ճնշումների մասին է պատմել նաև Սարգիսի ծառայակից Անդրանիկ Թադևոսյանը: Նա «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի տեսանյութում մանրամասնում է Կապանի Ռազմական ոստիկանությունում տեղի ունեցածը: Վկայել է, թե իրեն հարցաքննել են Կապանի Ռազմական ոստիկանության դիմացի շինությունից՝ մեկուսարանից բերելով։

Վկան հիմա էլ ասում է, որ դատարանում ճիշտ ցուցմունք է տվել՝ տրամագծորեն հակառակվելով մեղադրական եզրակացության պնդումներին: Ապա հրավիրվել է ՊՆ քննչական ծառայություն:

Այս իրավիճակում քայլեր է ձեռնարկել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը.- «ՊՆ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բուլղադարյանը նորից սկսել էր զանգահարել Անդրանիկ Թադևոսյանի ընտանիքին և պահանջել, որ նա գնա տեղեկանք վերցնի, որ նա վաղուց քաղաքում չէ, այսինքն փորձում էր ի չիք դարձնել այս վկայությունները։ Գյուղապետը չէր տվել այդ տեղեկանքը, նա շարունակել էր ճնշել։ Ես ինքս դիմել եմ զինվորական դատախազին, որպեսզի կանխվի այս բռնությունները»։

Բանակում մահացած զինվորի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Խչեյանը դատավարության ներկա փուլում հստակ բացառում է ինքնասպանության վարկածը:

«Դեպքի վայրից այդպես էլ չհայտնաբերվեց գնդակը, չհայտնաբերվեց պարկուճը, ինքնաձիգի վրա չհայտնաբերվեցին Սարգիս Սահակյանի մատնահետքերը։ Սրանք հիմնավորում են սպանության վարկածը»,- ասաց փաստաբանը։

Տուժող կողմը միջնորդել է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու միջնորդությամբ դիմել գլխավոր դատախազին, իսկ գործի քննությունը հանձնարարել Հատուկ քննչական ծառայությանը: Բացի այդ՝ տուժող կողմը դատարանին խնդրել է որպես ապացույց ճանաչել Անդրանիկ Թադևոսյանի և Գոռ Մարգարյանի գրավոր վկայությունները, դրանք կցել քրեական գործին: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կպարզվի վաղը:
XS
SM
MD
LG