Մատչելիության հղումներ

«Աղետ՝ Պուտինի արտաքին քաղաքականության համար»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Այդպես է գնահատում Ուկրաինայի շուրջ իրադարձությունները բրիտանացի պատմաբանը՝ Ռուսաստանի նախագահին համեմատելով Նիկոլայ առաջինի հետ։

Ռուսական դասագրքերում բարձր գնահատական է տրվում Պետրոս առաջինին, ով երկիրը վերածեց եվրոպական կայսրության, սակայն Վլադիմիր Պուտինն ավելի շատ հիշեցնում է Նիկոլայ առաջինին, ով ռազմական կոնֆլիկտի մեջ մտավ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ, մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին այդ դարաշրջանի համաշխարհային առաջատար կայսրությունների հետ մրցակցելու հնարավորություն կտային, The New York Times-ում գրում է բրիտանացի պատմաբան Ռոբերտ Սերվիսը։

«Ուշադրությունը կենտրոնացնելով բանակի ու գաղտնի ծառայությունների վրա` Նիկոլայ առաջինն անտեսեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունն արդիականացնելու անհրաժեշտությունը:
Երկիրը դրա համար թանկ վճարեց 1853-1856 թվականներին՝ Ղրիմյան պատերազմի ժամանակ, երբ ռուսական բանակը նվաստացվեց», - գրում է պատմաբանը՝ շարունակելով. - «Պուտինի արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին՝ Ուկրաինայի նկատմամբ, ցուցադրում է նմանատիպ հեռատեսության մասշտաբային բացակայություն։ Գրավելով ուկրաինական տարածքների 4.5 տոկոսը, Պուտինն արեց անհնարինը՝ իր իսկ ձեռքերով տապալեց սեփական երազանքը՝ Ռուսաստանի գլխավորությամբ Եվրասիական միության ստեղծումը»։

«Աղետ՝ Պուտինի արտաքին քաղաքականության համար։ Չնայած նա տեղական հեռուստաընկերությունների օգնությամբ փորձում է այդ ամենը հմտորեն թաքցնել, սակայն չի կարող ամբողջ ժողովրդին անընդհատ խաբել», - գրում է Սերվիսը։

Նրա պնդմամբ՝ Պուտինը հիմնականում սխալվել է ի վնաս Ռուսաստանի, Ուկրաինայում արտակարգ իրավիճակը ստիպել է հարուստներին իրենց միջոցներն ուղղել դեպի Արևմուտք՝ միայն այս տարի Ռուսաստանից դուրս է բերվել 70 միլիարդ դոլար։

Ռուսաստանի նախագահի համար ոչ պակաս մտահոգիչ պետք է լինի նաև մարդկային կապիտալի արտահոսքը, գրում է բրիտանացի պատմաբանը։ Երիտասարդները հուսահատված լքում են երկիրը՝ ձգտելով ապրել այնպիսի երկրում, որտեղ տաղանդն է գերիշխում, և նրանց համար օրինակ է Google-ի Սերգեյ Բրինն ու ոչ թե Պուտինին շրջապատող թշվառ նախարարներն ու գործարարները, պնդում է Սերվիսը։

«Արևմտյան կայսրությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմյան պատերազմ սկսել, սակայն նրանք բոլոր հնարավորություններն ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, քան կարող է պատկերացնել Պուտինը», - գրում է պատմաբանն ու հավելում. - «Ռուսաստանի նախագահը պետք է ուսումնասիրի Նիկոլայ առաջինի նախադեպը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG