Մատչելիության հղումներ

«Զարգացումները Ուկրաինայի արևելքում ինքնաբուխ չեն»


Խարկովում շրջանային վարչակազմի շենքի մոտ տեղի է ունեցել բախում ռուսամետ ցուցարարների և ոստիկենների միջև։ 8 ապրիլի, 2014թ.

Խարկովում շրջանային վարչակազմի շենքի մոտ տեղի է ունեցել բախում ռուսամետ ցուցարարների և ոստիկենների միջև։ 8 ապրիլի, 2014թ.

Ռուսներն Ուկրաինայի արևելյան շրջաններում շարունակում են ագրեսիվ անջատողական գործողությունները։

Երկուշաբթի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Մոսկվան թանկ կվճարի Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու փորձերի համար։

Քերրիի փոխանցմամբ, «Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներն ինքնաբուխ շարժման տպավորություն չեն թողնում»։

Պետքարտուղարը քիչ առաջ հայտարարել է, թե Ռուսաստանը գործակալներ է ուղարկել Ուկրաինայի արևելք՝ այնտեղ քաոս առաջացնելու համար։ Քերրիի խոսքերով, Ռուսաստանն այդ գործողություններով կարող է առիթ ստեղծել ռազմական ներխուժման համար, ինչպես Ղրիմի դեպքում էր։

Սպիտակ տունն էլ անդրադարձել է Ուկրաինայի խնդրին։

«Մենք տեսնում ենք պետական շենքեր գրավող ռուսամետ ցուցարարների Խարկովում, Դոնեցկում և Լուգանսկում, կան հստակ ապացույցներ, որոնք վկայում են, որ Մոսկվային սատարող այդ մարդկանցից մի քանիսը տեղացիներ չեն և իրենց ակտիվության դիմաց վարձատրվում են»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայում ասել է, որ Մոսկվան է սրում վիճակը։

«Մեր երկրի դեմ իրականացվում է նախապես ծրագրված և համակարգված սադրանք, այն կազմակերպել են Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունները»,- ասել է Տուրչինովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունն այդ մեղադրանքներին արձագանքել է, թե «բավ է ուկրաինական դեպքերի առիթով ամեն անգամ մատնացույց անել Մոսկվան»։

Արտգործնախարար Լավրովն այսօր «Գարդիանում» հրապարակել է հոդված, որում պնդում է, թե իրականում Ռուսաստանը միշտ սատարել է Ուկրաինային, մինչդեռ Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում խախտել է հավասարակշռությունը՝ թե անընդհատ ընդարձակելով ՆԱՏՕ-ն, թե առաջ տանելով Արևելյան գործընկերության ծրագիրը։

Ղրիմի հարցում էլ, ըստ Լավրովի, Արևմուտքը երկակի չափանիշներով է առաջնորդվում։ Լավրովի պնդմամբ, Ուկրաինան պետք է դառնա ֆեդերատիվ երկիր, որը կպարտավորվի չմիանալ ռազմական դաշինքներին։

Այսօր էլ Լավրովը Մոսկվայում ասել է, թե Ուկրաինայի հարցում փորձելով մեղադրել Ռուսաստանին, ամերիկացիները, երևի, վիճակը գնահատելիս` իրենց սովորություններն են վերագրում ուրիշներին։

Ռուսամետ ցուցարարները Խարկովում, Լուգանսկում և Դոնեցկում ապրիլի 6-ին պետական հիմնարկների մի շարք շենքեր են գրավել և ցանկանում են անցկացնել հանրաքվեներ, որոնց ներկայացնելու են Ռուսաստանին միանալու հարցը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն ասել է, որ Խարկովում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն, ձերբակալվել են մոտ 70 անջատողականներ, ովքեր նախօրեին գրավել են շրջանային վարչակազմի շենքը։

«Խարկովում անկարգությունների երրորդ օրն է, դրանք կազմակերպել և ֆինանսավորել է Պուտինի և Յանուկովիչի խումբը, մենք ունենք ապացույցներ, որոնք հարկ եղած ժամանակ կհրապարակենք»,- ասել է Ավակովը։

Մոսկվան նախազգուշացրել է, որ «ուժի գործադրումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Փարիզում ասել է, որ «Ռուսաստանը պատմական սխալ կգործի, եթե ներխուժի Ուկրաինայի արևելյան շրջաններ»։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել հետ քաշել Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ կուտակած մի քանի տասնյակ հազարի հասնող բանակը, կատարել միջազգային պարտավորությունները և կառուցողական երկխոսություն հաստատել Ուկրաինայի իշխանությունների հետ։

Ենթադրվում է, որ առաջիկա 10-ն օրում տեղի կունենան բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ։
XS
SM
MD
LG