Մատչելիության հղումներ

Պուտինի եվրոպացի ազդեցիկ համակիրները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ռուսաստանյան Լիպեցկ քաղաքում ասուլիսի ժամանակ, 21-ը ապրիլի, 2004թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ռուսաստանյան Լիպեցկ քաղաքում ասուլիսի ժամանակ, 21-ը ապրիլի, 2004թ․

Նրանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Նայջըլ Ֆարաջը, Ֆրանսուա Ֆիյոնը, Գերմանիայի երկու նախկին կանցլեր, այլոք:

Եվրոպացի առաջնորդները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները դատապարտելու հարցում փորձում են ներկայանալ միասնական ճակատով, սակայն վերադառնալով տուն` նրանք ստիպված են լինում պայքարել Վլադիմիր Պուտինին համակրող ոչ պակաս ազդեցիկ անձերի դեմ:

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականն անդրադառնում է այն մի քանի եվրոպացի ճանաչված և ազդեցիկ անձանց, ովքեր ոչ միայն չեն թաքցնում Ռուսաստանի նախագահի նկատմամբ իրենց հարգանքն ու աջակցությունը, այլ նաև վտանգավոր են համարում Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունները:

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ռուսաստանի մեկուսացումը «պատմությանը հակասող» քայլ է համարում, Մեծ Բրիտանիայի ամենահայտնի դեմքերից մեկը Պուտինին տեսնում է անչափահաս տղաներով շրջապատված տղամարդու կերպարում, իսկ Գերմանիայում, որտեղ Ռուսաստանի նկատմամբ համակրանքը շատ ավելի ուժեղ է դրսևորվում, մամուլը «պուտինականների» համար հատուկ տերմին է շրջանառության մեջ դրել՝ «Պուտինին հասկացողները»:

Շատ երկրներում Պուտինի համախոհները բավականին հայտնի մարդիկ են, ովքեր որևէ ընդհանրություն չունեն հանրային կարծիքի հետ և ոչ էլ ուշադրություն են դարձնում դրան: Սակայն պարզվում է, որ, օրինակ, Գերմանիայում Ռուաստանին աջակցողների շրջանում կան երկու նախկին կանցլեր, դիվանագետներ, օրենսդիրներ և գործարարներ:

Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան որոշեցին Ռուսաստանին հեռացնել Մեծ ութնյակից, Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և սպառնում լայնածավալ տնտեսական պատժամիջոցներով, եթե Մոսկվան փորձի կրկին ներխուժել Ուկրաինա:

Իսկ ահա Մոսկվայի եվրոպացի կողմնակիցները եթե նույնիսկ մինչև վերջ չեն աջակցում Ղրիմի բռնակցումը, ապա ռուսաստանցի առաջնորդի մեջ «հիասքանչ» որակներ են տեսնում:

«Նա ինձ դուր չի գալիս, ես նրան չէի վստահի և չէի ցանկանա ապրել նրա երկրում», - Պուտինի մասին խոսելիս ասել է բրիտանացի քաղաքական գործիչ Նայջըլ Ֆարաջը՝ շարունակելով․ - «Բայց մեր երկիրը ղեկավարող մանուկների համեմատ ես նրան ավելի եմ հարգում»:

Իսկ ավելի վաղ Ֆարաջը մի հարցազրույցի ժամանակ Պուտինին համարել է այն համաշխարհային առաջնորդը, ով իրեն հիացնում է ոչ թե որպես մարդ, այլ հենց որպես քաղաքական գործիչ:

Պուտինի հետ բավական սերտ հարաբերություններ ունեցող Սիլվիո Բեռլուսկոնին, ում նույնիսկ բախտ է վիճակվել նրա հետ միասին հանգստի մեկնել, վերջերս հայտարարել է, թե Ռուսաստանին Մեծ ութնյակից հեռացնելը «անխոհեմ և ապակառուցողական» քայլ է: Բեռլուսկոնիի այս հայտարարությունները, մինչդեռ, անարձագանք են մնացել ներքին խնդիրներով տարված իտալացիների շրջանում:

Ռուսաստանի նախագահի նկատմամբ իր հիացմունքն է արտահայտել Բեռլուսկոնիի ֆրանսիացի նախկին գործընկերը: Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայում կոչ է արել Ռուսաստանի քայլերը Ղրիմի հարցում ճանաչել օրինական: Ֆրանսիայի նախկին վարչապետի այս կոչը նույնպես անուշադրության մատնվեց, ավելին՝ այդ երկրում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ֆրանսիացի ժողովրդի մեծամասնությունը բացարձակ անվստահություն է հայտնել Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG