Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյան․ «Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ-ի հետ գործակցությունը»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունենում Վիլնյուսի խորհրդաժողովում, 7-ը ապրիլի, 2014թ․

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունենում Վիլնյուսի խորհրդաժողովում, 7-ը ապրիլի, 2014թ․

«Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը», - վիլնյուսյան խորհրդաժողովում հայտարարել է Ազգային ժողովի նախագահը:

«Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում:

«Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան - ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը «Միջխորհրդարանական համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ» թեմայով իր ելույթում:

«Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար: Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձևեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև: Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում», - ընդգծել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:

«2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան - ԵՄ համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը է՛լ ավելի զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ: Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձևավորման ուղղությամբ», - հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական գործակցությունն իր ուրույն դերն ունի նաև տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում, Ազգային ժողովի նախագահը շարունակել է․ - «Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում: Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարևորություն ունի: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձևի կիրառումից»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում», - ասել է Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանի նախագահը անդրադարձել է նաև ուկրաինական իրադարձություններին՝ հայտարարելով․ - «Վերջին շրջանում ականատես ենք լինում Արևելյան գործընկեր երկրներից մեկում` Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Հայ և ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության և բազմադարյան բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները»:
XS
SM
MD
LG