Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստանի հարցում միասնական դիրքորոշում չունի


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստանի դեմ բանաձևերի քվեարկության վերաբերյալ չունի միասնական դիրքորոշում, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Ստրասբուրգում այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առանցքային հարցերից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցն է:

Անգլիացի և դանիացի պատգամավորների հեղինակած բանաձևերում առաջարկվում է վերանայել Ռուսաստանի Դաշնության պատվիրակների հավատարմագրերը և կասեցնել նրանց քվեարկության իրավունքը: Բանաձևերից մեկում նշվում է նաև, որ Ռուսաստանի պատվիրակության իրավունքը 2000 թվականին էլ էր կասեցվել՝ այն ժամանակ Չեչնիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։ Այս անգամ ռուսական զինված ուժերը խախտել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դա պետք է ունենա անմիջական հետևանքներ, ասվում է փաստաթղթում:

74 պատգամավորների ստորագրությամբ ուղեկցվող այս բանաձևը քվեարկության կդրվի առաջիկա օրերի ընթացքում, իսկ մինչ այդ հայկական պատվիրակությունն այսօր Քեսաբի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում հայ պատգամավորները կոչ են անում սատար կանգնել Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտնված էթնիկ և կրոնական փոքրամասնություններին: Հայտարարությունում նաև կոչ է արվում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և պահանջել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար:

Ադրբեջանական պատվիրակությունը նպատակ ուներ այս նստաշրջանին քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը, որում մասնավորապես ասվում է , որ ջրի պակասի հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ գոտու շրջանների բնակչությունը բախվում է լուրջ հումանիտար, տնտեսական, բնապահպանական և կենսաբանական աղետի, սակայն հերթական անգամ այս բանաձևի քննարկումը հանվեց օրակարգից:
XS
SM
MD
LG