Մատչելիության հղումներ

Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը


Armenia - National Opera building in Liberty Square in Yerevan, June, 2010

Armenia - National Opera building in Liberty Square in Yerevan, June, 2010

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը:

Անցած շաբաթավերջին Արզումանյանը լրագրողներին ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ դիվանագետ է, արաբագետ: Վերջին տասը տարիներին Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավարն էր:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցել էին երեք թեկնածուներ` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը. Հայպետֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և մեր հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը:

Արթուր Շահնազարյանը չհաղթահարեց հարցազրույցի փուլը, և մնացած երկու թեկնածուներից նախարար Հասմիկ Պողոսյանի ընտրությունը կանգ առավ Անդրանիկ Արզումանյանի վրա:

Գագիկ Մանասյանի համոզմամբ` ամեն բան նախօրոք էր մտահղացված ու կազմակերպված. - «Ես տեղյակ եմ ոչ թե արդեն, այլ քսան օր առաջ` իր բոլոր ենթատեքստերով: Ես քսան օր առաջ գիտեի, որ ինքը [Արզումանյանը] արդեն նշանակված է: Ես խնդիր ունեի ապացուցել, որ ես այդ բոլորից կարող եմ հաղթող հանդիսանալ»:

Այս ընտրությունը, Մանասյանի ձևակերպմամբ` «ամենաանարդար ընտրություններից մեկն էր». - «Եվ այն անարդարությունների շարքին է պատկանում, ինչը գործում է այսօր Հայաստանի Հանրապետությունում»:

Հարցին, թե ինչն էր, այնուամենայնիվ, այս նշանակման պատճառը, Գագիկ Մանասյանն արձագանքեց. - «Անձնական կապեր: Արմեն Սմբատյան - Հասմիկ Պողոսյան համագործակցություն»:

Արթուր Շահնազարյանի խոսքով` իր երկու մրցակիցներն իր ընկերներն են. - «Ե’վ Գագիկ Մանասյանն է իմ ընկերը, և’ Անդրանիկ Արզումանյանը: Վաղուց ես իրեն ճանաչում եմ, խելացի տղա է, բարի, կազմակերպված»:

Անդրադառնալով մրցութային հարցազրույցին` Շահնազարյանն ասաց. - «Իմ վրդովմունքը վերաբերում է այդ հանձնաժողովի ընդհանուր կազմին»: Նրա խոսքով` եթե դիտարկենք հանձնաժողովը մեր հասարակության մի մասնիկ, ապա ինքը «թևաթափ է լինում». - «Գուցե սա՞ է եղել պատճառը մեր ամբողջ դարավոր դժբախտությունների: Մեր մտավորականության իննսուն տոկոսը ծախված մարդիկ են: Բայց սարսափելին սա չէ: Եվրոպայում էլ են եղել ծախված մտավորականներ` շահից ելնելով… Բայց մեր մտավորականությունը տարբերվում է նրանցից, որ ծախվում է միայն հաճոյանալու համար: Այսինքն` մարդ է ման գալիս, որ ստրուկ դառնա` առանց շահի նույնիսկ: Սա է ամենասարսափելին: Այդ տեսակ ստրուկից նողկանք են ապրում նույնիսկ նրանց տերերը»:
XS
SM
MD
LG