Մատչելիության հղումներ

«Վատ իշխանությունները չէին կարող լավ ծրագիր գրել» - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` նշելով, թե ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունում կարելի է շրջանցել պարտադիր կուտակային դաշտը, որն ինքնաշխատ է:

Մարտիրոսյանն այն գործատուներից է, ովքեր հրապարակավ հայտարարել են, որ հակասահմանադրական գործողությունների չեն դիմելու և պարտադիր կուտակային պահումներ աշխատավարձներից չի կատարելու` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Թեև ՍԴ-ի որոշմամբ օրենքը ճանաչվել է հակասահմանադրական, ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվության մեջ դեռևս չի ապակտիվացվել ինքնաշխատ հաշվիչը, և անկախ հաշվապահի կամքից, պարտադիր վճարման գումարը հաշվարկվում է:

Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հնարամիտ միջոց է գտել. - «Հիմա չեմ կարող Ձեզ ասել, որովհետև հենց որ ասեմ, այդ ծրագրի սարքողները անմիջապես այդ իրենց խոտանը կփորձեն վերացնեն: Սակայն այնտեղ կա խոտան, որտեղ որ այդ ամեն ինչը կարելի է շրջանցել»:

ՊԵԿ-ի տույժերից ու տուգանքներից չվախենալու կոչերով այսօր հանդես են գալիս ՍԴ-ի որոշումը, այլ ոչ թե դրա տարաբնույթ ու հակասական մեկնաբանությունները հիմք ընդունող գործատուներն ու հաշվապահները:

«Իքս Արթ» ընկերության հաշվապահ, «Դ!եմ եմ» թիմի անդամ Լուսինե Վատյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ՍԴ-ն իր որոշմամբ վերահաստատեց մարդու իրավունքների գերակայությունը, որ մարդու սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը, չի կարելի վերցնել առանց իր կամքի. - «Մենք արդեն իսկ ունենք մեր բոլոր աշխատողների գրավոր դիմումները` ուղղված գործատուին: Եվ արդեն այսօր գործատուի անունից նամակը կուղարկենք Ֆինանսների նախարարություն և Պետեկամուտների կոմիտե: Այլևս կասկած չկա, որ աշխատողներից պահումներ չպետք է կատարվեն: Որովհետև կա Սահմանադրական դատարանի որոշում, չի կարելի Սահմանադրական դատարանի որոշման ընդամենը երկու տող վերցնել և օգտագործել, ինչպես մի շարք պաշտոնյաներ են կատարում, իրենց օգտին»:

Նա համոզմունք հայտնեց, որ ՊԵԿ-ը պետք է օր առաջ փոխի հաշվետվության ձևը և ապակտիվացնի պարտադիր կուտակայինի ինքնաշխատ հաշվիչը. - «Մեր պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ այդտեղ հաշվետվության ձևում փոփոխություններ չկիրառվեն: Տույժ-տուգանքները, եթե նույնիսկ հաշվարկվեն, արդեն պատասխանատվության դաշտը հակասահմանադրական կետերը օգտագործելու համար անցնելու է այդ մարմիններին` Պետեկամուտների կոմիտեին և Ֆինանսների նախարարությանը»:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատության» հետ զրույցում նույնպես պնդեց, որ գործատունը չպետք է պահումներ կատարեն, և շարունակեց. - «Հաշվապահները և գործատուները պետք է մի քիչ էլ իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը և չկատարեն անպայման փոխանցումները, որովհետև հաշվարկը թեև ավտոմատ է կատարվում, բայց փոխանցումները արդեն իրենց ցանկությամբ, իրենց հանձնարարությամբ են կատարվում: Եվ ի վերջո, եթե մենք հասնում ենք դատական պաշտպանության կամ օրենսդրական փոփոխությունների, նաև իրավունքների վերականգման հնարավորություն ենք նախատեսում: Այդ թվում նաև տույժ, տուգանքները, որոնք կիրառվելու են, հետ են վերադառնալու մեր քաղաքացիներին և գործատուներին»:

ՊԵԿ-ը աշխատանքային օրվա ընթացքում անպատասխան թողեց «Ազատության» հարցումը` արդյո՞ք ապակտիվացնելու են ինքնաշխատ հաշվիչը և արդյո՞ք կիրառելու են տուգանքներ պահումներ ու փոխանցումներ չկատարած հաշվապահների նկատմամբ:

Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, պնդում է, որ ՊԵԿ-ը իրավունք չունի ճնշումների ենթարկել գործատուներին:

Խորհրդարանի չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են արտահերթ կարգով ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել օրենքի մակարդակով պարտադիր բաղադրիչը կամավորի վերածելու մոտեցումը:

Իսկ «Դ!եմ եմ» շարժումը շարունակում է պայքարել. ապրիլի 9-ին նախատեսված է բողոքի երթ Ֆինանսների նախարարությունից դեպի Պետեկամուտների կոմիտե:
XS
SM
MD
LG