Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ «Պարտավոր ենք բանակը բացել հասարակության առջև»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելում է հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելում է հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

«Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջև։ Այդ առումով բավականին հաջողություններ ունենք, այդ քայլերն արվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների համատեքստում», - երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնած համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Օհանյանը ասել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ, բաց դարձնելու ուղղությամբ։

ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, նախարարն անդրադարձել է բանակում միջանձնային խնդիրներին՝ շեշտելով, որ այդ հարաբերություններում առաջին թշնամին փողոցային, արատավոր բարքերն են։ Ըստ նրա՝ հայկական բանակը պետք է առանձնանա իր միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակով և միասնականությամբ։

«Ես արգելել եմ բանակում կիրառել այն միտքը, թե մենք հասարակության հայելին ենք։ Մենք հասարակության մի մասն ենք և պետք է օրինակ դառնանք նրա համար», - ասել է Օհանյանը՝ ընդգծելով, որ այս պահին բանակում հասել են նրան, որ էապես նվազել են միջանձնային հարաբերությունների հետևանքով կորուստները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG