Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը


ԵԽԽՎ լիագումար նիստը, արխիվ
ԵԽԽՎ լիագումար նիստը, արխիվ

Ռուսաստանը պատրաստվում է լքել նիստը, եթե իր դեմ բանաձև ընդունվի:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկուշաբթի օրը մեկնարկում է գարնանային նստաշրջանը, որի հիմնական հարցերից մեկը ռուս պատվիրակների հավատարմագրերի վերանայման հարցն է՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի լիազորությունները վերանայելու առաջարկով ավելի վաղ հանդես են եկել ԵԽԽՎ-ի 74 պատգամավորներ:

Ռուսաստանն արդեն պատրաստվում է լքել ԵԽԽՎ-ի նիստը, եթե իր դեմ ուղղված բանաձև ընդունվի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Եթե մենք բախվենք թշնամական հակառուսական հիստերիայի փորձերի, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում որոշում կայացնել և պետք է ցույց տանք, որ ձեռքներս չենք ծալի ու լսի Ռուսաստանի հասցեին հնչող անարդարացի մեղադրանքները», - հայտարարել է Մատվիենկոն՝ հավելելով, որ եթե խիստ բանաձև լինի, ապա ամենաճիշտ որոշումը կլինի ԵԽԽՎ-ն լքելը: Դրանից ավելի շատ կկորցնի ԵԽԽՎ-ն, կարծիք է հայտնել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը:

ԵԽԽՎ-ի օրակարգում ընդգրկված է նաև հրատապ քննարկում «Ուկրաինայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանն ուղղված սպառնալիքները» թեմայով։

ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում ելույթով հանդես է գալու նաև Ավստրիայի նախագահը։

Քննարկվելու է Ղրղըզստանի խորհրդարանին «Ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ տալու որոշումը, ինչպես նաև Եվրոպայում մարմնավաճառության, թրաֆիքինգի և ժամանակակից ստրկության հարցերը, հաղորդում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը այս նստաշրջանին մտադիր էր քննարկման դնել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի նախագծի հարցը: Նախագծում ասվում է, որ ջրի պակասի հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ գոտու շրջանների բնակչությունը բախվում է լուրջ հումանիտար, տնտեսական, բնապահպանական և կենսաբանական աղետի: Բանաձևով Ադրբեջանը կոչ կանի խնդրի վերաբերյալ անհապաղ ու կոնկրետ միջոցներ ձեռնարկել:

Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարը Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու մասին, մինչդեռ, Ղարաբաղի իշխանությունները մեկ անգամ չէ, որ առաջարկություն են հնչեցրել: Այդ մասին հերթական առաջարկը փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հնչեցրել է «Ազատության» հետ զրույցում՝ մասնավորապես պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ:

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախաձեռնությանը ԵԽԽՎ-ում միացել են 27 պատգամավորներ, և այն այս նստաշրջանում չի քննարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG