Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի պահպանությունը «շատ հուսալի է»


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Ջեֆրի Ադլըմը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 4-ը ապրիլի, 2014թ․

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Ջեֆրի Ադլըմը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 4-ը ապրիլի, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ Հայկական ատոմակայանի պահպանությունը շատ հուսալի է:

«Ազատության» հետ զրույցում նման գնահատական տվեց Ջեֆրի Ադլըմը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության Զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետը:

Ամերիկացի պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը նախորդ շաբաթ Երևանում երկօրյա բանակցություններ վարեց Հայաստանի իշխանությունների հետ՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքում Ջեֆրի Ադլըմը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության ջանքերը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում ու ընդհանրապես այդ հարցում հայ - ամերիկյան համագործակցությունը:

«Մենք շատ գոհ ենք Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովմամբ: Հայկական ԱԷԿ-ում օգտագործվում է ցածր հարստացված ուրան, և այն շատ խիստ վերահսկողության ներքո է: Հայաստանի իշխանությունները շատ լավ են պահպանում այդ նյութերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ադլըմը:

Միևնույն ժամանակ, նա փոխանցեց, որ ամերիկյան կողմը նաև մտահոգություններ ունի․ - «Մեր մտահոգությունն այն է, որ մաքսանենգ խմբերը կամ հանցավոր խմբերը կարող են Հայաստանի տարածքով մաքսանենգ միջուկային նյութեր փոխադրել, կամ այս տարաշածրջանի սև շուկայում հարստացված ուրան կարող է լինել՝ մնացած դեռ Խորհրդային Միությունից: Սա այն է, ինչի մասին խոսում էինք Հայաստանի կառավարության հետ»:

2008 թվականի հուլիսին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների մասին:

Ջեֆրի Ադլըմը փոխանցեց, որ իրենց երևանյան այցի ընթացքում Հայաստանի իշխանություններին միջուկային մաքսանենգության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության առաջարկ են արել: Ամերիկյան կողմը առաջարկել է թրեյնինգներ անցկացնել հայաստանյան իրավապահների համար և օգնել հատուկ լաբորատորիայի ստեղծման գործում, որը պետք է կիրառվի միջուկային մաքսանենգության դեմ պայքարում:
XS
SM
MD
LG