Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ արտգործնախարարությունում


Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկել են միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները, փոխանցում է ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկել միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը:

«Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր գնահատեց ԱՄՆ աջակցությունը և կարևորեց հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն արտահայտեց կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշեցին նաև ապագա քայլերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG