Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է Կենտրոնական բանկում անցկացված խորհրդակցության ժամանակ, Երևան, 4-ը ապրիլի, 2014թ․

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է Կենտրոնական բանկում անցկացված խորհրդակցության ժամանակ, Երևան, 4-ը ապրիլի, 2014թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կառավարության հրաժարականը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ ընդունել կառավարության հրաժարականը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ըստ նախագահի հրամանագրի՝ կառավարության անդամները պետք է շարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Այսօր առավոտյան Կենտրոնական բանկում անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը թեև չի նշել, թե ու՞մ է տեսնում որպես նոր վարչապետ, սակայն խոստացել է՝ «նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ»:

«Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հիշեցնենք՝ անցած տարվա մարտին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ պետք է հրաժարական տա: Անցած տարին կառավարությունը փակեց ընդամենը 3.5 տոկոս աճով, իսկ վարչապետի մերձավոր անձանցից մեկը՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, հայտարարեց, որ նախագահի այդ պահանջը ընդամենը քաղաքական հայտարարություն է:

«Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը»,- այսօր նշել է նախագահ Սարգսյանը՝ եզրափակելով․ - «Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG