Մատչելիության հղումներ

Որդուն առաջադրված մեղադրանքը Շանթ Հարությունյանին «ճնշելու նպատակ ունի»


Այսօր ավարտվեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների գործով նախաքննությունը:

Հիշեցնենք, այդ օրը ձերբակալվեցին ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և մի խումբ այլ անձինք:

Մինչև նախաքննության ավարտը՝ ապրիլի երկուսին, Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, ևս մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով:

Շահեն Հարությունյանը մեղադրվում է ոստիկանին բարձրախոսով հարվածելու մեջ, որի հետևանքով վերջինիս առողջությանը թեթև վնաս է պատճառվել: Այսօր նա հրավիրվել էր Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն։

Պատանին չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հարությունյանի փաստաբան Կարինե Խաչատրյանը խնդրահարույց որակեց այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել 5 ամիս առաջ, իսկ մեղադրանքը ներկայացվել է միայն երկու օր առաջ:

«Գտնում եմ, որ մեղադրանքը անհիմն է, իր մեջ մեծ վտանգ է պարունակում հետագայում ցանկացած խոսքի ազատության, երթեր անելու ազատության շարժումը հանգեցնելու խուլիգանության», - ասաց Կարինե Խաչատրյանը:

Նշենք, որ օրերս նոյեմբերի 5-ի իրադարձությունների գործով կալանավորվածներից ոմանց առաջադրված մեղադրանքները սկսեցին փոփոխվել: Արդյունքում փոխվեց նաև կալանավորվածներից Միսակ Առաքելյանի խափանման միջոցը և նա ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց:

Այսօր Ոստիկանության գլխավոր քննչական վարչության առջև հավաքվել էին Շանթ Հարությունյանի աջակիցները՝ պահանջելով դադարեցնել նրա և իր ընկերների նկատմամբ քրեական և իրենց ձևակերպմամբ՝ քաղաքական հետապնդումը:

Նրանք պնդում են, որ Շահեն Հարությունյանը «պատանդ» է իշխանությունների ձեռքում, հոր՝ Շանթ Հարությունյանի վրա այդպիսով ճնշումներ գործադրելու համար:

«Պետք է արձանագրենք, որ հերթական անգամ իրավապահ մարմինները օգտագործվում են քաղաքական իշխանությունների ձեռքին քաղաքական նպատակներով, հաշվեհարդար տեսնելու համար», - նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ակնհայտ է, որ ռեժիմը ցուցաբերում է առավել լկտիություն, հորը մեղադրանք են առաջադրել, հիմա էլ որդուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, որտեղից իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիին բերման ենթարկեցին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Ոստիկանները պահանջում էին ակցիան իրականացնել Դատախազության շենքի դիմացի մայթին, ոչ թե անմիջապես Դատախազության շենքի մայթին:

Իրավապաշտպանը նշում է, որ բերման ենթարկելիս իրենց քաշքշել են, իսկ ոստիկանական բաժանմունքում պահել են 3 ժամից ավելի, ինչը օրենքի խախտում է:

Սա Կիվիրյանի դեմ հարուցված 5-րդ վարչական գործն է:
XS
SM
MD
LG