Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել


Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը, 20-ը մայիսի, 2014թ․

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը, 20-ը մայիսի, 2014թ․

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը վստահեցնում են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Ուրբաթ օրը Ազգային ժողովում կայացել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ից որևէ մեկը մեկնաբանությամբ հանդես չի գալու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ:

Նույն խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցին՝ առաջադրելո՞ւ է արդյոք ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում իր թեկնածուին, պատասխանեց․ - «Չեմ կարծում, մենք այդպիսի խնդիր չենք դնում»:

Մեկ այլ հարցի՝ ճ՞իշտ են համարում, որ վարչապետի թեկնածուն ընդունելի լինի խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի համար, Մարգարյանը արձագանքեց․ - «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

Հարցին էլ՝ անակնկա՞լ էր արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց․ - «Հրաժարականը անակնկալ չէր, երեկվա օրն էր անակնկալ: Մենք սպասում էինք ապրիլի 20-ի շրջանակներում»:

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, հետևաբար՝ իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել:

Քանի որ արդեն վարչապետի հրաժարականին հասել են, արդյոք քառյակը քննարկե՞լ է ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը՝ այս առնչությամբ Հակոբյանը ասաց, որ ոչ, օրակարգում նման հարց չի եղել:

Քառյակի բոլոր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅ Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը, պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է, և միայն դրա արդյունքում է, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ օրերս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին:

«Իրականությանը չի համապատասխանում, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի թեկնածու է», - այսօր ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նախկին նախագահի գրասենյակը նույնպես առայժմ չի մեկնաբանում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG