Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԱԳ նախարարները Քեսաբի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին


Ռուսաստան - ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 3-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստան - ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 3-ը ապրիլի, 2014թ․

Այսօր երեկոյան Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպումը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, որի ժամանակ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է Քեսաբի մասին հայտարարություն:

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում սիրիական բանակի ու «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ծայրահեղական ուժերի հակամարտության հետևանքով իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ: Այս սրումը հանգեցրել է մարդկային կորուստների ու Քեսաբ քաղաքի հազարավոր հայ բնակիչների հարկադրված տեղահանության», - ասված է, մասնավորապես, փաստաթղթում:

«Խստագույնս դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումն ու ահաբեկչական գործողությունները», - հայտարարում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները: - «Հանդես ենք գալիս բռնությունների շուտափույթ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին։ Համոզված ենք, որ իրավիճակի կայունացումը հնարավոր է դրսից միջամտության բացառման և բռնության դադարեցման ու անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող լայն քաղաքական երկխոսության միջոցով»։

ՀԱՊԿ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել միջագզային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և 2012 թվականի հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով:

Երեկ ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունները նորից անդրադարձել են Քեսաբի թեմային և վերստին ռեպորտաժներ են ցուցադրել, որտեղ ասվում էր, թե Քեսաբում տասնյակ հայեր են զոհվել:

Ուրբաթ օրը Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է ԱՊՀ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքին:

Հավաքին ներկա չի լինելու Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման հիմնական ինտրիգը, ըստ փորձագետների, այն է, թե կլինե՞ն արդյոք նոր հայտարարություններ ռուս - ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հավաքի ժամանակ ռուս - ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ որևէ հայտարարություն չի հնչել:

Այսօր երեկոյան Մոսկվայում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը քննարկելու են երկու երկրների նախագահների առաջիկայում կայանալիք հանդիպման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG