Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան չպետք է ինքնանպատակ լինի»


Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան պետք է ինքնանպատակ չլինի, Ղարաբաղը պատրաստ է վերադառնալ բանակցային սեղանին ոչ թե սեղանին նստելու, այլ իր խոսքն ասելու, այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

«Մենք թե հրապարակայնորեն, և թե փակ հանդիպումներում միշտ հայտարարում ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած փուլում քննարկված ցանկացած գաղափար հնարավոր չի լինի իրագործել։ Այդ ըմբռնումը կա նաև համանախագահների մոտ։ Համենայնդեպս, իմ տպավորությունն այդպիսին է»,- ասել է արտգործնախարար Միրզոյանը։

Հեռուստադիտողի այն հարցին, թե ի՞նչ զիջումների է գնալու Ղարաբաղը բանակցային գործընթացին միանալու դեպքում, Կարեն Միրզոյանը պատասխանել է, որ խոսել զիջումների մասին մինչև բանակցությունների գնալը պարտության սկիզբ է։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղը զիջումներ չի նախատեսում։

«Որևէ զիջում այն որոշումներից ու ձեռքբերումներից, որոնք ունեցանք հազար ու մի զրկանքների ճանապարհով, ես հնարավոր չեմ տեսնում»,- համոզմունք է հայտնել Միրզոյանը։

ԼՂ արտգործնախարարի խոսքերով՝ բանակցային գործընթացին Ղարաբաղի վերադարձի հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, որը հասկանում է՝ «Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան թույլ չի տա աղավաղել հիմնահարցի էությունը»։
Մեկ այլ հեռուստադիտողի այն հարցին, թե նախարարի կարծիքով ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նախարարն նշել է, թե Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին։

«Գոյություն ունի բանակցային գործընթաց, որի շրջանակներում Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ և հավատարիմ է իր ստանձնած խոստումներին»,- եզրափակել է ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
XS
SM
MD
LG