Մատչելիության հղումներ

Վարչապետը հրաժարական է տվել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ վարչապետը արդեն երկրորդ անգամ է հրաժարական ներկայացնում:

«Դեռևս մեկ ամիս առաջ վարչապետը խնդրել է հանրապետության նախագահին ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնում էին բանակցություններ Մաքսային միության հետ, կուսակցությունը պետք է կազմակերպեր կոնֆերանս Մաքսային միության հետ կապված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդիրը գտնվում էր Սահմանադրական դատարանում, հանրապետության նախագահը խնդրել էր պարոն վարչապետին շարունակել իր աշխատանքները», - մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով․- «Այսօր Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, կուսակցությունն էլ քննարկել է և բավարարել է պարոն վարչապետի հրաժարականի դիմումը»:

ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ:

«Սա կապված չէ որևէ կուսակցության պահանջի հետ և վարչապետի անձնական որոշումն է»


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ո՞րն է եղել վարչապետի հրաժարականի պատճառը, Շարմազանովը պատասխանեց, թե դա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է, և այն ներկայացնելուց առաջ վարչապետը շեշտել է, որ երկար ժամանակ է մտածել ու պահի տակ չի կայացրել որոշումը:

«Քանի որ պարոն վարչապետը նշեց, որ սա զգացմունքային որոշում չէ, պահի տակ ընդունված որոշում չէ, իր սեփական նախաձեռնությունն է և սա կշռադատված որոշում է, կուսակիցները և մենք՝ գործադիր մարմնի անդամներս, հարգանքով ենք վերաբերում պարոն վարչապետի որոշմանը և բավարարել ենք և ընդունել ենք որպես կուսակցական նրա՝ այդ պաշտոնից հրաժարականը», - նշեց Հանրապետականի խոսնակը:

«Ազատության» հարցին՝ կապվա՞ծ է արդյոք վարչապետի հրաժարականը Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների քառյակի գործողությունների հետ, որը, մասնավորապես, ծրագրում էր շուրջօրյա հանրահավաքներ սկսել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, արդեն իսկ կոչ էր անում կառավարությանը հրաժարական տալ, Շարմազանովը արձագանքեց․ - «Նախ, հանրահավաքները ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, և սա ոչ մի կերպ կապված չէ որևէ կուսակցության սահմանադրական կամ քաղաքական պահանջի հետ՝ սա վարչապետի անձնական որոշումն է, որին մենք վերաբերում ենք հարգանքով և ընդունել ենք»:

Նախարարների փոփոխության հնարավորության վերաբերյալ Շարմազանովը հայտարարեց․ - «Ըստ մեր Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի կամ վարչապետի փոփոխության դեպքում կառավարությունը արդեն ավտոմատ կերպով հրաժարական է տալիս, և Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ելնելով Հայաստանի սահմանադրական նորմերից, պետք է քննարկումներ իրականացնի քաղաքական մեծամասնության և բոլոր խմբակցությունների հետ և դրանից հետո արդեն ներկայացնի վարչապետին և կառավարության նոր կազմին»:

Իսկ հարցին էլ, թե ե՞րբ պարզ կլինի նոր վարչապետի անունը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Օրենքով սահմանված կարգով, քննարկումներից հետո, և ժամկետներում: Այնտեղ արդեն Սահմանադրությունը հստակ տալիս է»:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում, կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Շարմազանովը հավաստիացրեց, որ «որևէ քննարկում հնարավոր թեկնածուների և հնարավոր թեկնածուների հետ կապված կուսակցությունում չի տարվել»:

Տիգրան Սարգսյանի որոշումը «հասունացած էր և խորը գիտակցված»


Տիգրան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակել, որում ասել է, որ հրաժարականի որոշումը «հասունացած էր և խորը գիտակցված»:

«Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք», - գրել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 2008 թվականի ապրիլի 9-ին, իսկ 2012 թ. հունիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է նույն տարվա մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:
XS
SM
MD
LG